Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն արտասահմանաբնակ թուրքերի համար կմեկնարկի վաղը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Դրանցում կարող են քվեարկել նաև արտասահմանաբնակ թուրքերը:
Նրանց համար խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը մեկնարկելու է վաղը՝ մայիսի 8-ին, և ավարտվելու է մայիսի 31-ին: Նման որոշում է ընդունել Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը:
Աշխարհի 54 երկրում ստեղծվելու է 112 ընտրատեղամաս, որոնցից 13-ը բաժին են ընկել Գերմանիային, 7-ը՝ ԱՄՆ-ին, 6-ը՝ Ֆրանսիային: 4-ական ընտրատեղամաս կգործի Ռուսաստանում, Չինաստանում ու Հունաստանում, իսկ 3-ական ընտրատեղամաս՝ Ավստրալիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Շվեյցարիայում, Իրանում, Ղազախստանում ու Ադրբեջանում:
Ընտրատեղամասեր չեն ստեղծվելու այն շրջաններում, ուր Թուրքիայի քաղաքացիների թիվը պակաս կլինի 500-ից: Այդ պատճառով արտերկրում գրանցված 2.866.940 թուրք ընտրողից քվեարկությանը կարող է մասնակցել միայն 2.848.652-ը: