«Օրակարգի հաջորդ հարցերին անցնելու խնդիր պետք է բարձրացվի». Կարեն Բեքարյան

«Ապրիլի 24-ի բարձրացրած վերելքը պետք է բաց չթողնենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների բարձրացրած վերելքի և դա ճիշտ օգտագործելու անհրաժեշտությանը:

Բանախոսը նշեց, որ իրադարձությունները շատ խիտ հաջորդեցին իրար` ապրիլի 24, անցած մի քանի օր, ապրիլի 24-ին առնչվող միջոցառումներ, ԼՂ-ում խորհրդարանական ընտրություններ, անցում մայիսի 9-ին, հետո մայիսի 12 զինադադարի կնքման ամսաթիվը, դրանից հետո տեղի կունենա անցումը Ռիգայի գագաթաժողովից սպասումներին, այսինքն` ՀՀ-ն իրադարձային շատ խիտ շրջան է մտել, որի ընթացքում ինչ-որ բաներ տուժում են:

«Ես կարծում եմ, որ ապրիլի 24-ն իր ողջ խորությամբ դեռ չենք ամփոփել: Միգուցե բնական է նաև, քանի որ 100-րդ տարելիցի տարին է, բայց երևի հարմար պահը պետք է գտնել ու հանգրվանային ամփոփում անել»,- նկատեց Բեքարյանը:

Նա ասաց, որ Հայոց ցեղասպանության ցանկացած ճանաչում, ցանկացած երկրի կողմից՝ աշխարհի որ մայրցամաքում էլ լինի, բավական մեծ նպաստ է ընդհանրապես Հայոց ցեղասպանւթյան համաշխարհային ճանաչման գործընթացին:

«Այստեղ կապ չունի՝ երկիրը փո՞քր է, թե՞ մեծ և այլն, և այլն: Եթե խոսքը վերաբերում է Եվրոպական տարածաշրջանին ընդհանրապես, մենք տեսնում ենք, որ միտումները բավականին ակտիվացան, այդ հարցում իր ուրույն դերն ունեցավ Հռոմի պապի կեցվածքը և այն ամենը, ինչին ականատես դարձանք Վատիկանում:

Մեծ դերակատարություն ունեցավ նաև Ավստրիայի ճանաչումը, Գերմանիայի ընթացքը, այսինքն` սա պետք է ունենար իր ռեզոնանսները: Բայց այստեղ կա մի շատ կարևոր խնդիր, որի շուրջ կա բավական խորը մտածելու բան: Այսինքն` հաջորդ քայլերը մեր` ոչ միայն ՀՀ, այլ նրա բոլոր ինստիտուտների, գումարած Արցախ, Սփյուռք:

Կարծես թե մեր օրակարգը փոփոխություն կրելու անհրաժեշտություն ունի: Ճանաչման բաղադրիչին զուգահեռ՝ արդեն օրակարգի հաջորդ հարցերին անցնելու խնդիրը պետք է բարձրացվի: Սա պետք է առիթ լինի նստելու և նորմալ ամփոփելու»,- նշեց Կարեն Բեքարյանը` հավելելով, որ Հայաստանը գտնվում է վերելքի վրա այն առումով, որ ապրիլի 24-ը` դրան նախորդող և հաջորդող իրադարձությունները, ցույց տվեց մի շատ կարևոր հանգամանք, եթե ջանքը միատեղված է և եթե կա միասնականություն, անգամ այն խնդիրները, որոնք բարդ իրականանալի են, հաղթահարելի են դառնում: «Հիմա ունենք կարևորագույն խնդիր, վերելքը բաց չթողնելու խնդիրը»,- ընդգծեց Բեքարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս