
Իրանն ազատ է արձակել կալանած Maersk Tigris բեռնանավը

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը բաց է թողել դանիական Maersk Line Shipping ընկերության նավը, որը Պարսից ծոցում երթևեկել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո և կալանվել է ավելի քան մեկ շաբաթ առաջ:
Maersk Tigris բեռնանավի կալանման մասին հայտնի է դարձել ապրիլի 28-ին: Սկզբնական շրջանում հաղորդվել էր, որ նավը կալանել են Իրանի տարածքային ջրեր մուտք գործելու համար, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Maersk Tigris-ի կալանումն իրականացվել է Իրանի նավահանգիստներին Maersk Line Shipping ընկերության 15-ամյա վաղեմության պարտքի պատճառով:
Պարտքի չափը հասնում է մոտ 10 միլիոն դոլարի: Հայտնի չէ, թե արդյոք Maersk Tigris-ի ազատման համար Maersk Line Shipping-ը վճարե՞լ է այդ պարտքը, թե՞ ոչ: Maersk Tigris-ի վրա գտնվել է 34 մարդ, որոնցից 13-ը Մյանմարի ներկայացուցիչներ են: