
Քաղաքապետարանի մրցույթներում միշտ հաղթող են ճանաչվել առավել ցածր գին առաջարկած մասնակիցներ. Արթուր Գևորգյանի պատասխանը՝ ՏՄՊՊՀ-ին

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը պատասխանում է ՏՄՊՊՀ-ի տարածած հաղորդագրությանը:
«Երևանի քաղաքապետարանն իր կարիքների համար գնումներն իրականացրել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի տառին համապատասխան՝ բաց, թափանցիկ և հրապարակային: Կազմակերպված գնումների գործընթացներում լիարժեք ապահովվել է մրցակցության հիմնարար սկզբունքը:
Ընդ որում, կախված գնման առարկայի առանձնահատկություններից, կազմակերպված մրցույթներին մասնակցության քանակային ցուցանիշները մի շարք դեպքերում եղել են տարբեր, ընդհուպ` մասնակիցներ չլինելու պատճառով որոշ մրցույթներ չեն կայացել:
Ավելորդ չեմ համարում նաև նշել, որ որևէ կազմակերպության մասնակցությունը հայտարարված մրցույթներին չի սահմանափակվել: Նաև հավելեմ, որ քաղաքապետարանի մրցույթներում միշտ հաղթող են ճանաչվել առավել ցածր գին առաջարկած մասնակիցները, որոնց արդյունքներն, ի դեպ, օրենքով սահմանված կարգով հրապարակվում են»: