Ուղիղ 11 տարի առաջ վրացական պետությունը վերականգնեց Աջարիայի նկատմամբ վերահսկողությունը. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ ուղիղ 11 տարի առաջ վրացական պետությունը վերականգնեց Աջարիայի նկատմամբ վրահսկողությունը, որը նա կորցրել էր 1991 թվականից: Սաակաշվիլին այդ կերպ է մեկնաբանել 2004 թվականին իրականացված «աջարական հեղափոխության» տարեդարձը.
«Տեղի ֆեոդալ Աբաշիձեին պաշտպանում էր գեներալ Նետկաչևի գլխավորած անձնական բանակը: Այդ 6000-անոց բանակն առանց տատանումների 2004 թվականին զենքը կուղղեր Վրաստանի զինված ուժերին: Աջարիան մնացյալ Վրաստանից բաժանվել էր մաքսակետերով, ուր խուզարկում ու նվաստացնում էին քաղաքացիներին:
Աբաշիձեն հրաժարվել էր ժամանել Թբիլիսի, սակայն ամեն ամիս մեկնում էր Մոսկվա՝ ցուցումներ ստանալու համար: Աջարիայի սահմանադրությունը չէր համապատասխանում Վրաստանի սահմանադրությանը: Այդ ամենին վերջակետ դրվեց Սուրբ Գեորգիի օրը՝ 2004 թվականի մայիսի 6-ին, և սկսվեց ամենամեծ վերածնունդը, որը ողջ պատմության մեջ չի վերապրել Վրաստանի որևէ շրջան:
Մեր սիրելի Բաթումը մոռացված քաղաքից վերածվեց համաշխարհային բրենդի ու մեզանից յուրաքանչյուրի հպարտության: Աջարիայի վերադարձը 1991 թվականից միակ դեպքն էր հետխորհրդային տիրույթում, երբ որևէ մեկը կարողացավ տարածքներ խլել Մոսկվայի ձեռքից: Հաստատապես գիտեմ, որ առանց այդ մեծ հաղթանակի՝ չէր կայանա ժամանակակից վրացական պետականությունը»: