Սիրիացի փախստականների վրա ծախսել ենք 5.6 միլիարդ դոլար. Էրդողան
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ ունենալով Ստամբուլում IDEF 2015 12-րդ միջազգային ռազմական ցուցահանդեսի բացման ժամանակ՝ անդրադարձել է սիրիացի ու Իրաքից փախստականների խնդրին.
«Թուրքիան առաջատար տեղ է զբաղեցնում այն երկրների թվում, որոնք աշխարհում ամենաշատն են ցուցաբերում հումանիտար օգնություն: Նախորդ տարի մենք ցուցաբերել ենք 4.5 միլիարդ դոլարի օգնություն և այդ ցուցանիշով զբաղեցրել ենք 3-րդ տեղն աշխարհում:
Մեր երկրում հանգրվանած սիրիացի ու իրաքցի փախստականների թիվը հասել է մոտ 2 միլիոնի: Մենք սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր՝ մեզ մոտ ապաստանած մեր սիրիացի եղբայրների վրա ծախսել ենք 5.6 միլիարդ դոլար:
Մինչդեռ եվրոպական երկրներում ապաստան գտած փախստականների թիվը ներկա դրությամբ կազմում է ընդամենը 250.000 մարդ: Եթե ձեր շուրջը կրակ է տիրում, ապա նրա կայծերը չեն շրջանցի ձեզ:
Եթե դուք թիկունքով շրջվեք դեպի կրակը, ապա դուք ոչ մի հարց չեք լուծի, անհրաժեշտ է բոլոր ուժերի հետ գտնել այդ կրակի վերացման ուղիները: Ոչ մի քաղաքականություն, ոչ մի դիվանագիտություն, ոչ մի շահ չի կարող կարևոր լինել միլիոնավոր մարդկանց վշտից, արցունքներից, զոհվելուց»: