Ինչպես և ինչու է տեղի ունեցել Գյումրիում աղմկահարույց սպանությունը՝ ըստ մեղադրական եզրակացության
Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին: Այս քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Արման Կատունյանին:
Արման Կատունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա իր կնոջ` Ջեմմա Խաչատրյանի, և հարևանությամբ բնակվող` Հ. Գրիգորյանի միջև արտաամուսնական հարաբերությունները Հ. Գրիգորյանի պահանջով պարզելու նպատակով՝ 2014թ. հուլիսի 24-ին՝ ժամը 11-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով կնոջ հետ գնացել է Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամաս` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսաքանդ շինության մոտ, որտեղ հանդիպել է Հ. Գրիգորյանին և վերջինիս կողմից ամիսներ շարունակ, պարբերաբար դրսևորած հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ապօրինի կերպով ձեռք բերած, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված «ՊՄ» տեսակի CK 5004 P համարի ատրճանակով յոթ անգամ կրակել է Հ. Գրիգորյանի վրա և սպանել նրան»:
Արմեն Կատունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով նախատեսված արարք կատարելու մեջ: Նշենք, որ նա որոշ ժամանակ կալանավորված է եղել, սակայն մեղադրանքը փոխվելուց հետո փոփոխվել է նաև խափանման միջոց կալանավորումը. այն փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: