Ասոցացման համաձայնագրեր ստորագրած Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան համատեղ հռչակագիր են ստորագրել
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում երեկ տեղի ունեցած Վրաստան-Մոլդովա-Ուկրաինա ֆորումն ավարտվել է «Արևելյան գործընկերության» երկրների միջխորհրդարանական համագործակցության մասին համատեղ հռչակագրի ստորագրմամբ:
Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը. «ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած երեք երկրների՝ Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի միջև խորհրդարանական համագործակցության հռչակագիրը կենտրոնացած է լինելու այդ երկրների եվրոպական ձգտումների վրա»:
Փաստաթղթի համաձայն՝ այդ երկրների խորհրդարանների՝ արտաքին կապերի ու եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովների նախագահներն ունենալու են տարեկան հանդիպումներ, որոնցում դիտարկվելու են քաղաքական ասոցացմանն ու տնտեսական ինտեգրմանն առնչվող հարցեր:
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են համատեղ կոորդինացնել տնտեսական ու առևտրային հարցերը, այդ թվում նաև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի գործարկման ժամանակ, ինչպես նաև էնբերգետիկ ու անվտանգության հարցերում: