Մենք նպատակադրվել ենք մինչև 2023 թվականն ամբողջովին հրաժարվել սպառազինություն ներկրելուց. Էրդողան
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում բացված IDEF-2015 ռազմական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը, ինչի նպատակը տվյալ ոլորտում անկախ դառնալն է:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է պաշտպանական արդյունաբերության արտադրանքի ներկրումից ամբողջովին հրաժարվել մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ).
«Երբ մենք 2002 թվականին նոր էինք սկսել մեր քաղաքական գործունեությունը, ռազմական արտադրանքի ներկրումից Թուրքիայի կախվածությունը կազմում էր 80 տոկոս:
Ներկայումս Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում հասել է ինքնապահովման 54 տոկոսանոց ցուցանիշի: Սակայն մեր նպատակը մինչև 2023 թվականը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ներկրումից ունեցած կախվածությունից ամբողջովին ձերբազատվելն է:
Թուրքական պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունը նախորդ տարի գերազանցել է 5 միլիարդ դոլարի սահմանագիծը: Ամեն տարի գիտատեխնիկական մշակումների համար բյուջեից հատկացվում է մեկ միլիարդ դոլար: Թուրքական պաշտպանական արդյունաբերությունը մեր տնտեսության առաջնահերթ ոլորտներից մեկն է, որում կատարվում են խոշոր ներդրումներ»: