Ամենակարևոր արդյունքը

Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով համամասնական ընտրակարգով Ազգային ժողով են անցել հինգ քաղաքական ուժեր՝ «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական», Դաշնակցություն, «Շարժում 88» և «Ազգային վերածնունդ» կուսակցությունները:

Ընտրություններին հետևող գրեթե բոլոր միջազգային դիտորդներն արձանագրել են, որ դրանք, ընդհանուր առմամբ, անցել են արդար, ազատ և ժողովրդավարական պայմաններում, և արձանագրվել են հիմնականում տեխնիկական բնույթի թերություններ: Իհարկե, հատկապես նախընտրական շրջանում Ղարաբաղում տեղ են գտել նաև այլ «ավանդական» խախտումներ. վարչական ռեսուրսի օգտագործում, որոշակի ճնշումներ ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, սակայն առնվազն բուն ընտրական գործընթացը, ինչպես գնահատել են այդ ընտրություններին հետևողները, անցել է Հայաստանից առնվազն մի քանի անգամ բարձր մակարդակով:

Դա այդ ընտրությունների հիմնական, գլխավոր արդյունքն է, որը, անշուշտ, դրական ազդեցություն է ունենալու նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Որքան էլ միջազգային հանրությունը, առանձին երկրներ հայտարարում են, թե չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, այդուհանդերձ, աշխարհի համար տեսանելի է, որ չճանաչված այդ հանրապետությունը կարողանում է գոնե ընտրություններում ժողովրդավարության բարձր մակարդակ ապահովել:

Տեսանյութեր

Լրահոս