Եմենի շիա ապստամբները հարձակվել են սաուդցի սահմանապահների վրա
Middle East Eye-ի փոխանցմամբ` Եմենի շիա ապստամբները, հարձակվելով սաուդյան սահմանակետի վրա, սպանել են Սաուդյան Արաբիայի երեք զինծառայողի: Այդպիսով, Եմենի հակամարտության ժամանակ զոհված սաուդցի զինվորականների թիվը հասել է 14-ի:
Դա դարձել է Եմենում ռազմական հակամարտության մեկնարկից սկսած Սաուդյան Արաբիայի սահմանապահների վրա շիա ապստամբների ձեռնարկած ամենամասշտաբային հարձակումը:
Էր-Ռիյադն իր հերթին հայտնել է, որ սաուդյան զորքերը տվյալ միջադեպի ժամանակ սպանել են մի քանի տասնյակ շիա ապստամբի: Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքը Եմենում ռազմական գործողությունը պաշտոնապես դադարեցրել է դեռևս արիլի 23-ին:
Սակայն որոշ ժամանակ անց ավիահարվածները վերսկսվել են: Շիա ապստամբներն իրենց հերթին հայտարարել են, որ կարող են հրթիռային հարված հասցնել Սաուդյան Արաբիայի տարածքին: