ԱՄՆ-ը և ԵՄ-ն պետք է պահպանեն Հայաստանի հետ երկխոսությունը. Սաբինա Ֆրեյզեր

«ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Հայաստանին»,- այս մասին ասաց Ղարաբաղյան հակամարտության և Կովկասի հարցերով փորձագետ, ամերիկյան հեղինակավոր Atlantic Council հետազոտական հաստատության ավագ գիտաշխատող Սաբինա Ֆրեյզերը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս պետք է Արևմուտքն արձագանքի Ռուսաստանի` Հարավային Կովկասում, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության գոտում, հարուցած անկայունությանը, որի մասին իր նախկին հարցազրույցներում խոսել է Սաբինա Ֆրեյզերը:

Վերլուծաբանը նշեց, որ ԱՄՆ-ը ու ԵՄ-ն պետք է պահպանեն Հայաստանի հետ երկխոսությունը և որպես ռուսական ազդեցության գոտի՝ Հայաստանը չպետք է ամբողջությամբ դուրս հանեն իրենց հաշվարկներից:

«Օրինակ` դրական է, որ շարունակվում են Երևան-Բրյուսել բանակցությունները փաստաթղթի ստորագրման ուղղությամբ, որը կփոխարինի Ասոցացման համաձայնագրին, որը Հայաստանը հետաձգեց ստորագրել ԵՏՄ անդամակցության համար: ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Հայաստանին կայուն ինստիտուտների կառուցման հարցում, որոնք հիմնված կլինեն օրենքի գերակայության և տեղի բնակիչների պատասխանատվության վրա: Միևնույն ժամանակ՝ ԵՄ-ն պետք է իր պայմաններն ավելի հստակեցնի և, որտեղ որ տեսնի «կեղծված բարեփոխումներ» Հայաստանի կողմից, չպետք է խուսափի բաց քննադատական հայտարարություններից: Համենայնդեպս, Հայաստանի համար Ռուսաստանից անկախ որոշումներ կայացնելու տեսանկյունից ամենալավ եղանակը լեգիտիմ և պատվարժան տեղական ինստիտուտների ձևավորումն է»,- ասաց Սաբինա Ֆրեյզերը:

Մեր մեկ այլ հարցին, թե հնարավո՞ր է` Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում դրական զարգացումներն անդրադառնան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա, նա արձագանքեց՝ ասելով, որ եթե նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահը պնդում է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմը չկոտրեց համերաշխությունն ու համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում, ամեն դեպքում, 2014թ. Ռուսաստանը դոմինանտ դերակատարություն ունեցավ խաղաղ բանակցություններում:

«Հատկապես դա ավելի տեսանելի դարձավ, երբ ՌԴ նախագահ Պուտինն անցյալ տարվա օգոստոս ամսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրավիրեց Սոչի՝ հանդիպելու առանց ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների ներկայության: Այնինչ, ես նախկինի նման գտնում եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ ԼՂ-ում կամ ԼՂ-ի շուրջ պատերազմական օջախ բռնկելու հարցով: Ուստի, հատկապես ԱՄՆ-ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների բարելավման դեպքում, հնարավոր է, որ Մոսկվան   թույլ տա հակամարտության կարգավորման քննարկումների ընդլայնում` ներգրավելով այդ գործում փորձագիտական մեծ խմբի և խորացնելով բանակցությունները տեխնիկական հարցերի շուրջ: Սա ամենալավ եղանակն է բանակցություններն առաջ մղելու համար»,- ասաց Սաբինա Ֆրեյզերը:

 

Տեսանյութեր

Լրահոս