
Տղան գարեջրի ապակյա տարայով հարվածել է սրճարանի տիրոջ պարանոցին

Ընդհանուր իրավասության դատարանում քննվում է հոր և որդու դեմ հարուցված քրեական գործը: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ալկոհոլ օգտագործած վիճակում, «Գետափ» սրճարանում, հոր հետ, շուրջ 30 րոպե տևողությամբ, հորը սրճարանից դուրս հրավիրելու հանգամանքը ցավագին ընդունելով՝ իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով՝ վիճաբանության մեջ է մտել սրճարանի սեփականատիրոջ հետ, բռնության գործադրմամբ և բռնություն գործադրելու սպառնալիքով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, որպես զենք օգտագործվող «Կիլիկիա» գարեջրի ապակյա տարայով հարվածել է սրճարանի տիրոջ պարանոցին, այնուհետև փորձել է հարվածել ծալովի դանակով, ապա 10 րոպե անց հրազենով փորձել է սպանել նրան, սակայն վերջինս ուժի գործադրմամբ հրացանը խլել է ամբաստանյալի ձեռքից, ինչի պատճառով վերջինս հանցագործությունը, իր կամքից անկախ հանգամանքներում, ավարտին չհասցնելով՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:
Նրա հորը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ալկոհոլ օգտագործած վիճակում «Գետափ» սրճարանում որդու հետ իրեն և որդուն սրճարանից դուրս հրավիրելու հանգամանքը ցավագին ընդունելով, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով՝ վիճաբանության մեջ է մտել սրճարանի սեփականատիրոջ և աշխատակցուհու հետ, բռնություն գործադրելու սպառնալիքով և բռնության գործադրմամբ, այն է՝ բռնել է սրճարանի աշխատակցուհու ձախ ձեռքից և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս, շուրջ 30 րոպե տևողությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը` աշխատակցուհու հասցեին տվել է տարբեր բնույթի սեռական հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ: