Սուրիկ Խաչատրյանի հանձնարարականով ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել
Մարտի 26-ին ՀՀ Սյունիքի մարզպետ ՀՀ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարականով Քաջարանի բժշկական կենտրոնում անցկացվեց ընդլայնված խորհրդակցություն ներհիվադանոցային վարակների կանխարգելման, արդի չափանիշների պահպանման և պահանջների կատարման վերաբերյալ: Խորհրդակցությունը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը: Ներկա էին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գևորգյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիք մասնաճյուղի, ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզի փորձագիտական կենտրոնի, Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի և մարզի բոլոր բժշկական կենտրոնների ղեկավարներ, Քաջարանի բժշկական կենտրոնի աշխատակիցներ:
Վ. Գրիգորյանը, դիմելով ներկաներին, նշեց.
-Մարզի բոլոր բժշկական կենտրոններում կատարվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում վեր են հանվել մի շարք թերություններ և բացթողումներ: ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից հանձնարարվել է իրականացնել կոնկրետ միջոցառումներ թերությունների արագ վերացման և կանխարգելման ուղղությամբ: Այս ընդլայնված խորհրդակցությունը սկիզբն է մի համակարգված գործընթացի, որի արդյունքում մարզի բոլոր բժշկական կենտրոններում կշարունակվի իրականացվել անվտանգ ու ապահով բժշկական ծառայությունների մատուցում:
Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար Վ. Գևորգյանը, անդրադառնալով քննարկվող հարցերին, նշեց.
-Ներհիվանդանոցային վարակի պարագայում ՀՀ Սյունիքի մարզպետի օպերատիվ արձագանքը հնարավոր դարձրեց խնդրի արագ ու ամբողջական լուծումը: Հիվանդանոցը համալրվեց նոր կադրերով, հանձինս նորանշանակ գլխավոր բժիշկ Հ. Դավթյանի շարունակում է գործել` ձգտելով պահպանել բուժանձնակազմի սպասարկման և ծառայությունների մատուցման բարձր մակարդակը: Քաջարան համայնքի զարգացման ծրագրերի մեջ մշտապես նախատեսվում են ֆինանսական միջոցներ բժշկական կենտրոնին անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար: Այս տարի նախատեսվում է միջազգային չափանիշներին համապատասխանող ուտիլիզացիոն սարքավորման ձեռբերումը, որը կսպասարկի մարզի բոլոր բժշկական կենտրոններին:
Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ն. Գևորգյանը ներկայացրեց խորհրդակցության նպատակն ու քննարկվող հարցերի շրջանակը.
-Այսօր մեր խորհրդակցությունն անցկացվում է Քաջարանի բժշկական կենտրոնում, որը պատահական չի ընտրվել մեր կողմից որպես խորհրդակցության վայր: Այս բժշկական կենտրոնը առաջինն էր, որտեղ իրականացվեցին մասսայկական ստուգումներ` կապված ներհիվանդանոցային վարակի առկայության հետ: Ցանկանում եմ ընդգծել որ, ՀՀ ԱՆ հրամանով ստեղծված հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված թերությունների գերակշիռ մասը վերաբերում է գրանցամատյանների կամ դրանց մեջ գրառումների բացակայությանը, ինչը սակայն չի նշանակում, որ անհրաժեշտ աշխատանքները չեն կատարվել հավուր պատշաճի: Ես ցանկանում եմ, որ բոլորդ ծանոթանաք այս հիվանդանոցի շենքային պայմաններին և տեխնիկական զինվածությանը. այն եզակի է հանրապետությունում:
Ն. Գևորգյանը ներկայացրեց նաև Հայաստանի Հանրապետությունում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գործընթացը կարգավորող իրավական ակտերը` հավելելով, որ դրանք էլեկտրոնային փոստով առաքված են մարզի բոլոր բժշկական կենտրոնների տնօրեններին: Յուրաքանչյուր հիվանդանոցի համար կարևորվեց ներհիվանդանոցային վարակի կանխարգելման համալիր ծրագրի առկայությունը:
«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժական գծով փոխտնօրեն Վ. Մանասյանը ներկայացրեց «ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահության պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոն»-ի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում իրականացված զննման արձանագրության մեջ նշված թերություններն ու բացթողումները, որոնք շտկվել և վերացվել են համաձայն տեսչության կողմից նշված ժամանակացույցի: Քաջարանի բժշկական կենտրոնում արդեն վերագործարկվել է վիրահատարանը, որտեղ մարտի 21-ից իրականացվում են վիրահատություններ:
Ծավալվեց աշխատանքային քննարկում, որի ընթացքում ուղենշվեցին հետագա անելիքներն ու համագործակցության շրջանակները:
Սյունիքի մարզպետարան