Բաժիններ՝

Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից հեռացվել է նրա քաղաքական անցյալը. 1in.am

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում 40 հազարից ավել հետևորդ ունեցող ԲՀԿ նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի էջը վերապրոֆիլավորվել է:

Նախկինում այս էջի թարմացումներին հետևողները կարող էին տեսնել եռյակի հանրահավաքներում Գ. Ծառուկյանի ելույթները, «թեժ աշնան» հանրահավաքներից լուսանկարներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և մյուսների մասնակցությամբ: Այս էջում հնարավոր էր տեսնել նաև Ծառուկյանի՝ փետրվարի 5-ին հրավիրած հասարակական և քաղաքական ուժերի մասնակցությամբ խորհրդաժողովի լուսանկարները, Ծառուկյանի՝ հետագայում ճակատագրական դարձած ելույթի վիդեո տարբերակը:

Այժմ Գագիկ Ծառուկյանի քաղաքական անցյալին առնչվող բոլոր նյութերը ջնջված են, և այս էջ առաջին անգամ այցելողը տպավորություն կստանա, թե Ծառուկյանը երբեք էլ քաղաքականությամբ չի զբաղվել, երբեք չի ղեկավարել քաղաքական ուժ, իշխանությունների հրաժարականի պահանջ չի դրել և ոչ մի առնչություն չի ունեցել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատել է, որ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջը փոփոխությունների է ենթարկվել.

«Նախկինում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի էջը պարզապես վերապրոֆիլավորվել է և վերածվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջի: Համապատասխանաբար էջի բովանդակությունն է աստիճանաբար փոխվում, թարմացվում և այսուհետ այդ էջում առավելապես տեղ են գտնելու որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեության հետ կապված մանրամասներ»,- ասել է Տոնոյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս