Բաժիններ՝

Այո՛ հույս կա, բժիշկները վստահեցրել են՝ իմ որդին բուժվելու է. Վիրավոր զինվորի մայրը պատասխանում է ՀՀ ՊՆ խոսնակին. ԳԱԼԱ

Զինվորական պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Գևորգ Եղիազարյանի առողջական խնդիրներին ԳԱԼԱ-ն անդրադարձել էր մարտի 22-ին:

ԳԱԼԱ-ի սույն հրապարակումից հետո բազմաթիվ քաղաքացիներ արձագանքեցին, կատարվածին անդրադարձան նաեւ այլ լրատվամիջոցներ:

Ինչպես հիշեցնում է կայքը` Գեւորգը վիրավորվել է 2011թ.-ի դեկտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում՝ շփման առաջին գծում, մարտական պարտականությունները կատարելու ժամանակ, հակառակորդի դիպուկահարի կողմից: Բուժման առաջին կուրսը ստացել է ՀՀ ՊՆ աջակցությամբ: Հիմա հարկավոր է շարունակել ինտենսիվ թերապիան Իսրայելի վերականգնողական կլինիկայում, որտեղ մեկ ամսվա ստացած բուժման արդյունքը բավականին դրական է եղել, սակայն ընդհատվել է ֆինանսական խնդիրների պատճառով:

Հարազատներն ու ընկերները սկսել են դրամահավաք կազմակերպել հայրենիքի պաշտպանին օգնելու համար:

Օրերս ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում՝ Գեւորգ Եղիազարյանի մասին պատմող Ազատություն ռադիոկայանի տեսանյութի տակ, հետեւյալ գրառումն էր արել.

«Ցավոք ՊՆ-ն այդ գումարը չունի: Այսօր ցավոք, այո՛, ցավոք. այդ գումարով մենք մեր երկրում տասնյակ նույն կարիքը ունեցողների կբուժենք, և դեռ մեծ հարց է, թե այս երեխային այդ նոր գումարը կբուժի՞, թե բժիշկները ուղղակի օգտվում են նրա վիճակից: Ձեր ասածները ավելի հաստատուն կլիներ, եթե մենք առհասարակ օգնած չլինեինք»:

Մեկ այլ գրառման տակ Արծրուն Հովհաննիսյանը խորհուրդ էր տվել ճշտել, թե տղային բուժելու հույս կա, թե՞ ոչ:

Նշենք, որ որեւէ մեկը չի հերքում, որ ՊՆ-ն աջակցել է եւ բուժման առաջին փուլի գումարը հատկացրել է:

Սակայն ՀՀ ՊՆ մամլո խոսնակի կասկածները, թե արդյո՞ք տղան կբուժվի, արդյո՞ք բուժաշխատողները ուղղակի չեն օգտվում վիճակից եւ գումար աշխատում, կարող էր եւ խանգարել սկսված դրամահավաքին: Սա էլ վիրավորել է զինվորի ընտանիքի անդամներին:

Գեւորգի մայրը ԳԱԼԱ-ի  հետ զրույցում ասաց, որ Իսրայելում բուժման կուրս անցնելու համար անհրաժեշտ է 56 հազար դոլար, շնորհիվ լրատվամիջոցների հրապարակումների եւ բարի կամքի տեր մարդկանց՝ արդեն իսկ հավաքվել է 1 միլիոն դրամը:

Տիկինը վստահ է, որ ոչ միայն ամոբղջ գումարը կհավաքվի, այլ որդին կբուժվի. գոնե կշարունակի ապրել առանց ցավերի:

Տիկին Նաիրան հավելեց՝ հասկանում են, որ Իսրայելու բուժումը բավականին թանկ արժե, այդ իսկ պատճառով կապեր են հաստատում Գերմանիայի առաջատար կլինիկաների հետ՝ հասկանալու համար, թե այդ բուժումը որքան արժե այդտեղ: Անդրադառնալով ՊՆ մամուլի խոսնակի գրառմանը, զինվորի մայրը նշեց.

«Այո, վիրահատություն չկա ողնուղեղի հետ կապված, բայց ինչ ասել է կասկածել՝ բուժվո՞ւմ է, թե՞ չէ: Այսինքն, եթե մարդը հիվանդ է, հեռու Գեւորգիցս, ուրեմն այդպես թողնում են, որ…: Չէ՛, իրականում հույս կա, առաջին կուրսի բուժումը իրան բավականին օգնել է: Այստեղ ասում էին լրիվ ընդհատված է, բայց ինքը ձեռքը շարժում է: Եթե լրիվ ընդհատված է, ո՞նց է կարողանում այդ շարժումներն անել: Մենք բժիշկ չենք, որ ենթադրություններ անենք»:

Նրանք, ովքեր կցանկանան օգնել Գեւորգ Եղիազարյանին, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետեւյալ հաշվեհամարներով.

UNIBANK

AMD 24100321447500

USD 24100321447501

EUR 24100321447502

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս