Իմ տղան պատահաբար է հայտնվել տվյալ տարածքում և նրան անհիմն են մեղադրում. Գևորգ Խաչատրյանը` Գյումրիում տեղի ունեցած դանակահարության մասին
Tsayg.am-ը գրում է. Գյումրու բնակիչ, բժիշկ Գևորգ Խաչատրյանը մարտի 29-ին ներկայացել է ՀՀ Ոստիկանության Շիրակի Մարզի վարչության Կումայր բաժին և հայտարարություն արել այն մասին, որ իր որդին որևէ կապ չունի նախօրեին Հիմնադիր խորհրդարանի հրավիրած հանրահավաքի ժամանակ կատարված դանակահարության դեպքի հետ: «Իմ տղան պատահաբար է հայտնվել տվյալ տարածքում և նրան անհիմն են մեղադրում»,-ասել է հայրը:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Գյումրու Թատերական հրապարակում կայացել էր «Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման շրջանակներում իրականացվող հանրահավաքը, որի ժամանակ մի խումբ երիտասարդներ հավկիթներ էին նետել հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների ուղղությամբ:
Այս միջադեպից հետո էլ տեղի էր ունեցել մեկ այլ՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանին կտրող-ծակող գործիքով վնասելու դեպքը: Վերջինիս Շտապբուժօգնության մեքենայով տեղափոխել էին «Գյումրի» ԲԿ, որտեղ և նա վիրահատվել էր:
Նաև ավելացնենք, որ ըստ ականատեսների վկայության, որպես դանակահարողի լուսանկար համացանցում տարածվել էր Գևորգ Խաչատրյանի որդու լուսանկարը: