«Դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ». Րաֆֆի Ասլանյան
Tsayg.am-ը գրում է. Երեկ` ժամը 17:00-ի սահմաններում Թատերական հրապարակից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարության հետևանքով տուժած Հիմնադիր խորհրդարանի անդամ, 1954 թ-ին ծնված Հրաչիկ Միրզոյանը: Նրա մոտ առկա է եղել կտրած-ծակած թափանցող վերք, հետազոտվել է, ենթարկվել վիրահատության: Վիրահատությունը տևել է մոտ մեկ ու կես ժամ, տուժածի վիճակը ծանր է:
Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանության «Կումայրիի» բաժին հաղորդում ներկայացվել է Գյումրի բժշկական կենտրոնից: Բուժհաստատությունում անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ են իրականացրել իրավապահները, Կումայրիի բաժնում պետի՝ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել: Այս մասին կայքին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն էլ ավելի ուշ փոխանցել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական Օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով, այն է՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը : Րաֆֆի Ասլանյանը նաև մեզ տեղեկացրել է, որ ոստիկանությանը հանձնարարվել է ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: