Արմավիրի հարկային տեսչության պետը ձերբակալվել է. ԱԱԾ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Քննչական վարչությունում քննվող քրեական գործով 2015 թվականի մարտի 16-ին, կաշառք ստանալու կասկածանքով, ձերբակալվել է նախկինում ՀՀ պետական  եկամուտների  կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հրաչիկի Հովսեփյանը: Այս մասին տեղեկացնում է  ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Պարզվել է, որ Արամ Հովսեփյանը 2007 թվականի նոյեմբեր ամսին գործարար Ռ.Ա.-ին պատկանող  ընկերությունում ստուգումների ժամանակ  ավելացված արժեքի հարկի  և շահութահարկի  գումարների անհիմն  նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները անտեսելու և դրանք չարձանագրելու  դիմաց պահանջել և Ռ. Ա-ից ստացել է 30.000 ԱՄՆ դոլոր կաշառք:

Նույն արարքը Արամ Հովսեփյանը կատարել է նաև 2008 թվականի դեկտեմբեր ամսին: Ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստը դարձյալ անտեսելու և չարձանագրելու  համար  նույն գործարարից   պահանջել և  ստացել  է ևս 40.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս