Ավետիսյանները չեն հավատում. «ՀԺ»

Փետրվարի 16-ին Քննչական կոմիտեն հրապարակեց գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության դատաձգաբանական փորձաքննության արդյունքները։ Ըստ դրանց, սպանությունները կատարվել են մեկ հրազենից, որը ամրակցված է հղել Վալերի Պերմյակովին, ինչից էլ ենթադրվում է, որ Պերմյակովը միայնակ է եղել։

Սրա վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք Ավետիսյանների սպանված տանտիկնոջ՝ Հասմիկ Ավետիսյանի քրոջը՝ Ջուլիկ Ավետիսյանին։ Հարցերին պատասխանելու ժամանակ նա գրեթե լացում էր.

– Տիկին Ջուլիկ, արժանահավա՞տ եք համարում այն եզրակացությունը, որ սպանությունները կատարվել են մեկ հրազենից, որը Պերմյակովինն է եղել։

– Տղա ջան, մենք ամենասկզբից էլ չենք հավատացել արդար քննությանը ու հիմա էլ չենք հավատում, ինչի՞ն հավատանք։ Փաստաբան Թամարա Յայլոյանը, ով ժամանակավոր Պերմյակովի պաշտպանն էր, ասում էր, որ Պերմյակովից փորձանմուշներ են վերցվել, բա ինչի՞ են դրանք գաղտնի պահում։ Մենք ոչ էլ էդ եզրակացությանն ենք հավատում, գործը ուզում են կոծկել։ Աչքերիս առաջ եղեռն է եղել, ու հիմա Սերժն ու երկրի մյուս մեծամեծերը նստել եղեռնի 100-ամյակից են խոսում։ Դե Սերժ Սարգսյանը որ նստած տեղը քնի, երկրի վիճակն էլ էս պիտի լինի, քանի դեռ Պերմյակովը ռազմաբազայում է, արդար բանի մի սպասեք, իսկ քրոջս ընտանիքը գնաց, կորավ… Ես վստահ եմ՝ իսկական հանցագործը չի բռնվել, ու ի՞նչ իմանամ, կարող է հենց էսօր գա իմ տանս վրա։ Ես չեմ հավատում, որ էդ սպանությանը Պերմյակովը մասնակից է եղել։

– Կասկածի տա՞կ եք դնում, որ Պերմյակովն է սպանել ձեր հարազատներին։

– Այո՛, կասկածի տակ եմ դնում։ Պերմյակովը եկավ, սպանեց, հետո սաղ իր տվյալները թողեց գնա՞ց, ի՞նչ գիտեք, որ մի մեծ խումբ չի սպանել մեր հարազատներին, այո՛, հենց Պերմյակովին դիտմամբ ուզում են հանցագործ սարքել, ու հնարավոր է՝ իր իրերը բերել քցել են, որ էդպես մտածենք։ Ինչպե՞ս կլինի՝ էդքան կրակեն ու ոչ մեկը չլսի, ուրեմն՝ ուրիշ բանով են սպանել, ու էլի մեզ խաբում են, ասում՝ խլացուցիչ չկա, ես էլ չգիտեմ ինչ մտածեմ:

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս