«Ջերմուկի մայր գործարանում» խառնաշփոթ է, գործարանի աշխատանքներն ու աշխատակիցները կրճատվել են. «Ժամանակ»

Թերթը գրրում է. «Ինչպես երեկ տեղեկացրել էինք Ջերմուկի մայր գործարանում վերջին շրջանում իրական խառնաշփոթ է: Գործարանի աշխատանքներն էականորեն կրճատվել են: Երկրորդ, երրորդ հերթափոխով աշխատողները նույնպես կրճատվել են: Գործարանի մի շարք արտադրամասեր փակվել են, և այն տևական ժամանակ է՝ իր ամբողջ հզորությամբ չի աշխատում: Դրան զուգահեռ, բնականաբար, առաջացել են աշխատավարձային խնդիրներ:

Մեր տեղեկություններով՝ այս խնդիրներն արհեստականորեն են ստեղծվում «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի կողմից, քանի որ նա նպատակ ունի «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ–ն ընդգրկել ամբողջությամբ իրեն պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կազմում, չնայած Արսենյանը վաղուց արդեն տիրում է նաև մայր գործարանին, որը խաբեությամբ և մի շարք մութ գործարքների արդյունքում ժամանակին խլվեց ամերիկահայ գործարար Կայծակ Ջեյթլյանից:

Մայր գործարանի հետ կապված խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք գործարան: Ընդունարանից գործադիր տնօրեն Էմին Բաբայանի հետ չմիացրեցին՝ պատճառաբանելով, թե նա տեղում չէ: Փոխարենը զրուցեցինք հաշվապահի հետ, ով, ըստ էության, ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց մեր տեղեկությունները: «Աշխատավարձերի հետ կապված խնդիրներ չկան, ժամանակին վճարվում են, բայց որոշակի պրոցեսներ են գնում, որոնք դեռ հայտնի չէ, թե ինչպես կավարտվեն», – ասաց հաշվապահ Արթուր Ամիրջանյանը:
Մեր հարցին՝ ի՞նչ պրոցեսներ են, արդյո՞ք գործարանները միավորվում են, հաշվապահն արձագանքեց. «Դե նույնն էլ մենք ենք լսել, բայց հիմա գործարանը, իրավաբանորեն որպես մայր գործարան, դեռ աշխատում է, իսկ թե հետո ի՞նչ կլինի, ոչ ոք չի կարող ասել», -ասաց հաշվապահը՝ հավելելով, որ սեփականատերերի փոփոխություն չի եղել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս