Հրանտ Բագրատյանը կարող է նշանակվել ԿԲ նախագահ. «Ժողովուրդ»
Թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Աժ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը, կարելի է ասել, «փոխհամաձայնության» են եկել:
Հրանտ Բագրատյանը բողոքել է ՀՀ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունից, ասել է, որ այն վնասում է Հայաստանի տնտեսությանը: Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ առանց լուրջ հիմքերի ինքը չի կարող ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնանկության հարց բարձրացնել, և որ ավելի լավ կլինի, եթե ԿԲ-ի գործունեությունը հեղինակավոր միջազգային կազմակերպություններ գնահատեն ու Բագրատյանի տեսակետը հիմնավորող եզրակացություններ տան:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ եթե, ի վերջո, որոշվի ԿԲ գործող նախագահին պաշտոնանկ անել, ապա ինքը այդ պաշտոնում կառաջարկի նշանակել Հրանտ Բագրատյանին: Այլ կերպ ասած՝ առաջիկայում Հրանտ Բագրատյանն ամեն կերպ պետք է ապացուցի, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր տեղում չէ, և եթե նրան հաջողվի վերջինիս «հարցերը լուծել», ապա հնարավոր է՝ ինքն էլ փոխարինի նրան:
«Ժողովուրդ»-ը երեկ Հրանտ Բագրատյանից փորձել է մեկնաբանություն ստանալ Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցած հանդիպման և իրեն ԿԲ նախագահի պաշտոն խոստանալու վերաբերյալ, սակայն պատգամավորը զայրացած հակադարձել է՝քեզ ինչ՝ ում հետ եմ հանդիպում, և հրաժարվել է, որևէ մեկնաբանություն տալուց: Թերևս չարժի ոչինչ մեկնաբանել»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։