Ինչպես է իրականացվելու Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ համագործակցությունը

2015 թվականի մարտի 16–ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հստակեցվեցին Հանձնաժողովի առաջիկա երկու ամիսների աշխատանքները:

Աշխատանքները կազմակերպվելու են` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հայտարարությունը, համաձայն որի՝ մասնագիտական հանձնաժողովի առջև խնդիր է դրված բարեփոխումների նախագծի մշակմանը զուգընթաց քաղաքական կուսակցությունների հետ կազմակերպել և իրականացնել քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ, ինչպես նաև ամփոփել կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ համագործակցությունն իրականացվելու է կից հայտարարության տեքստում նշված գործընթացին համապատասխան:

Հայտարարություն

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը, համաձայն ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4–ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի 4–րդ կետի, սույն թվականի մարտի 14–ին հավանություն է տվել մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին,

հաշվի առնելով, որ Հանրապետության Նախագահի որոշման համաձայն մասնագիտական հանձնաժողովի առջև նաև խնդիր է դրվել սահմանված ժամկետներում բարեփոխումների նախագծի մշակմանը զուգընթաց քաղաքական կուսակցությունների հետ կազմակերպել և իրականացնել քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ, ինչպես նաև ամփոփել կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները,

Հանձնաժողովը դիմում է ՀՀ բոլոր քաղաքական կուսակցություններին, առաջարկելով.

1.  hանձնաժողովի քարտուղարությունից ստանալ սահմանադրական բարեփոխումների՝ ՀՀ Նախագահի կողմից հավանության արժանացած հայեցակարգի անհրաժեշտ թվով օրինակներ՝ ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով (կապի միջոցներ՝ հեռախոս 010-380-386 (ներքին համարներ 153 և 154), էլեկտրոնային հասցե՝ [email protected], [email protected])

2. Մինչև սույն թվականի մայիսի 5–ը Հաձնաժողովին տրամադրել նկատառումներ հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ (կապի վերոնշյալ միջոցներով),

3. Հանձնաժողովին տրամադրել այն անձանց (մասնագետների) ցանկը, որոնց հետ կհստակեցվի համատեղ քննարկումների ժամանակացույցը և կկազմակերպվի համապատասխան քննարկում:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախապես շնորհակալություն է հայտնում համագործակցության համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն

 

 

Տեսանյութեր

Լրահոս