ՇՏԱՊ. 7-ամյա փոքրիկը բոլորիս օգնության կարիքն ունի. ճանապարհածախսի և այնտեղ սնվելու պատճառով երեխային չեն կարողանում տեղափոխել Երևանի հիվանդանոց. lorinews.am
lorinews.am-ը գրում է. «Վանաձորի՝ մարդկանցից մոռացված մի անկյունում խորդուբորդ, ցեխոտ մի արահետ կա։ Այստեղ գտնվող փոքրիկ ու սառը տնակում է ապրում 7-ամյա Էրիկը։ Ընկերներ չունի, քանի որ այդ տարածքում սակավաթիվ մարդիկ են ապրում։ Էրիկը շատ է սիրում մաթեմատիկա առարկան, ունի փայլուն ունակություններ, սակայն դպրոց չի գնում։ Նա տառապում է ստամոքս-աղիքային համակարգի դիսկինեզիա հիվանդությամբ։
Միայնակ մայրը հազիվ կարողանում է լուծել օրվա հացի խնդիրն ու տղայի թանկարժեք դեղերի ծախսը հոգալ։ Ճակատագրի բերում տիկին Իսկուհին կորցրել է առաջնեկին, հետո, երկար տարներ անց լույս աշխարհ է եկել Էրիկը։ Ամուսնալուծվելուց հետո Էրիկի հետ ժամանակավոր բնակվել են տարբեր թաղամասերում։ Իսկուհի Մամուլյանը հիշում է. «Սկսեցի արհեստական կերով կերակրել, հայրն էլ կաթ էր բերում։ Հետո օգնության կաթեր ստացանք, երեխային արդեն դա էինք տալիս, բայց մի օր միջից որդեր դուրս եկան։ Արդեն 3 տարեկանում մինչ այդ առողջ երեխայի մոտ սկսվեցին որովայնային ցավեր։
Արդեն 2011-ին երեխային լուրջ հետազոտություն էր պետք, քանի որ էստեղ՝ «ինֆեկցիոն»-ում, հետո էլ «Նարեկ»-ում ստուգելուց հետո չհասկացան պատճառը։Գումար չունեի, վարկ վերցրեցի, երեխային տարա Երևանի«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Զոնդով ստուգում անցկացրեցին, ասացին, որ թարախային բշտիկներ կան, որոնք խոցի են վերածվում։ Աղիներում էլ «Լյամբլիա» տեսակի մակաբույծ կա»։ Տիկին Իսկուհու խոսքով երեխան 10-15 օր պառկել էհիվանդանոցում։ Պարզվել է, որ երկարատև բուժում պահանջող հիվանդություն է։ Նախ ստամոքսը պետք է բուժել, հետո միայն աղիները։ Դրանից հետո չի կարողացել այլևս երեխային տանել Երևան։ Այդ պատճառով էլ «Վանաձորիինֆեկցիոն հիվանդանոցում» են նշանակումներն անում։
Դեղորայքի 1 չափաբաժինն ավելի քան 30 000 դրամ է։ Ասում է, որ այդ դեղերը միայն հանգստացնում են, չեն բուժում։ «Հաջորդ անգամ 2014-ին պառկեց Երևանում։ Սա ամենահուսահատեցնողն էր, քանի որ ասացին, որ աղիներից անցել է լեղուղիներ, եթե չբուժվի, լեղապարկը կհեռացնեն։Հիմա էլ նոր խնդիր է առաջացել. դեղերից ալերգիա է տալիս։ Արդեն այնքան սիստեմա են միացրել, օրգանիզմը չի դիմանում։Վերջին անգամ հազիվ փրկեցինք կոմայի մեջ ընկնելուց»,- խոստովանում է մայրը։ Էրիկն անընդհատ թույլ է, գլխացավ և նյարդային խնդիրներ ունի։
Հաճախ պարփակվում է իր մեջ, ինչի պատճառով մայրը հաճախակի հոգեբանի մոտ է տանում։Առաջին 3 տարին 6-րդ դպրոցում է սովորել, սակայն օրգանիզմի թուլության պատճառով չի կարողացել ուսումը շարունակել։ Այս տարվանից Լոռու մարզպետի կարգադրությամբ Էրիկի համար տնային ուսուցում կազմակերպվեց։
Բացառիկ ընդունակություների շնորհիվ բոլոր ուսուցիչների սիրելին է,սակայն վիճակն արդեն այնքան է վատացել, որ չի կարողանում նույնիսկ տնային ուսուցմանը մասնակցել։ Մի երազանք ունի, որը շշուկով արտաբերեց. «Առողջանամ, բժիշկ եմ դառնալու, որ բոլոր երեխաներին բուժեմ»։ Կյանքի տարիները ցավերով ապրող տղան բացի աոջանալուց, այլ երազանքներ էլ ունի:
Երազում է, որ մի օր էլ իր տուն կայցելեն հեքիաթի հերոսները, ինքն էլ շատերի նման համակարգիչ կունենա: Էրիկին անհրաժեշտ է բազմապիսի ստուգումներ անցնել Երևանում, երկարատև բուժում, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով մայրը քանի ամիս է արդեն չի կարողանում երեխային նույնիսկ տեղափոխել Երևան՝ ճանապարհածախս չունեն, հարևան-ծանոթներն էլ այլևս պարտքով գումար չեն տալիս: Ու բացի այս, չնայած Երևանում երեխայի բուժումն անվճար է, սակայն մնալու և սննդի խնդիր ևս ունեն՝ հիվանդանոցում սնվել է պետք: Սա թերևս ամենաքիչ, բայց և ներկա դրությամբ ամենաանհրաժեշտն է, փոքրիկին անտանելի ցավերից գոնե փրկելու համար, եթե ոչ՝ վերջնականապես բուժելու, որն այս դեպքում անիրական է թվում Էրիկի մոր համար:
Փոքրիկին Վանաձորի բժշկական կենտրոնում չեն կարողանում օգնություն ցուցաբերել, իսկ Երևան տեղափոխելու համար, ինչպես արդեն նշեցինք՝ ճանապարհածախս ու որոշակի գումար է հարկավոր՝ Երևան հասնելու և այնտեղ 20 օր մնալու համար: Էրիկի մայրն ակնկալում է բոլորիս աջակցությունը, հուսալով, որ մեր բոլորի օգնությամբ գոնե փոքրիկը կկարողանա առժամանակ ազատվել իրեն տանջող ցավերից: Lorinews.am Լոռու մարզային լրատվական կայքը հանդես է գալիս փոքրիկին աջակցելու կոչով, իսկ աջակցություն է կարող է տարբեր լինել՝ գումարի, սննդի, վառելիքի, կամ էլ տրանսպորտային ծախսերը հոգալու եղանակով:
Փոքրիկին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 098 65 10 77 և 077 42 14 47 (Իսկուհի)