Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերին:

Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ պարոն Մոլտերերի այցը նոր խթան կհաղորդի Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի համագործակցությանը, որն ուղղված է Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բանկի առաքելությունը և մեր երկրում նրա ընթացիկ գործունեությունը, գոհունակությամբ նշելով, որ համագործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ աչքի է ընկնում աճող ակտիվությամբ ու արդյունավետությամբ:

Հանրապետության Նախագահը նաև ընդգծել է, որ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության համար բանկի կողմից ֆինանսավորված ոլորտների նշանակությունը և արդեն ձևավորված պորտֆելը, կարելի է ասել, որ բանկը ռազմավարական գործընկեր է դարձել մեր երկրի համար:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2007թ-ից ի վեր բանկի համագործակցության մասին, ընդգծելով, որ այն կարող է օրինակելի դառնալ բանկի այլ գործընկերների համար:

Վիլհելմ Մոլտերերը նշել է, որ այժմ բանկն աշխատում է Հայաստանի հետ փոխգործակցության հաջորդ փուլի նախապատրաստման ուղղությամբ, որը հիմնված կլինի Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների վրա:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին բանկի օժանդակությունը, համակարծիք լինելով, որ Հայաստանն այսօր զարգացման այլընտրանք չունի, քան տնտեսության մրցունակության բարձրացման հաշվին երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ունենալը: Սակայն առանց զարգացած ենթակառուցվածքների, զրուցակիցների համոզմամբ, հնարավոր չէ խոսել մրցունակության և տնտեսական կայուն աճի մասին:

ՀՀ Նախագահը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման հեռանկարին և առաջիկա քայլերին, այդ համատեքստում կարևորել Եվրամիության օժանդակությամբ Հայաստանում բարեփոխումների օրակարգն առաջ մղելը:

ՀՀ Նախագահի աշխատակազմ

 

Տեսանյութեր

Լրահոս