Բնակչությունը նվազել է , գերեզմանատները՝ ընդարձակվել
Tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից յուրաքանչյուրում տասնյակ տներ լքված են: Դրանց բնակիչները հիմնական բնակության են մեկնել արտերկիր, հիմնականում՝ Ռուսաստան: Սահմանագոտում շատ են առանձնատները, որտեղ թոշակառու ամուսիններ իրենց կյանքի վերջին օրերն են անցկացնում կամ տանը նրանցից մեկն է մնացել:
Գյուղերում նվազել է աշակերտների թիվը: Ադրբեջանին սահմանակից Բարեկամավան գյուղի 8-ամյա դպրոցում 1970-ական թվականների կեսին սովորում էր 330 աշակերտ, այժմ գյուղի միջնակարգ դպրոցն ունի 19 աշակերտ: Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը հույս է տածում, որ եթե կայուն խաղաղություն լինի, դպրոցի նախկին աշակերտները, ովքեր Նոյեմբերյանում, Ապարանում եւ այլուր վարձով են բնակվում, գուցե ետ գան Բարեկամավան:
Սահմանամերձ գյուղերի բնակչությունը նվազել է,մինչդեռ այդ բնակավայրերում վերջին քսան տարում ընդարձակվել է գերեզմանատան տարածքը կամ նոր գերեզմանատներ են բացվել: Դա բացատրվում է ոչ միայն մահվան դեպքերի մեծ թվով, այլ նաեւ նրանով, որ Ռուսաստանում մահացած մեր հայրենակիցների մի մասը վերջին հանգրվանը գտնում է հայրենի հողում: