50-80 հազարական դրամ են հավաքել Արագածոտնի մարզպետի ծննդյան օրվա նվերի համար. «Հրապարակ»
«Արագածոտնի մարզպետի օգնական Կարեն Տոնոյանը որոշել է մարզպետի ծննդյան օրն անակնկալ անել և բոլոր համայնքների՝ գյուղերի ու քաղաքների ղեկավարներին հրահանգել է մարզպետին իրենց «համեստ» նվերը մատուցել:
Համայնքները, ըստ մեծության, 50-80 հազարական դրամ են հավաքել, դպրոցների տնօրեններից ավելի «համեստ» նվեր են պահանջել՝ 10 հազարական դրամ: Ընդ որում՝ գործը գլուխ են բերել մի քանի համայնքապետեր, ըստ շրջանների:
Ծաղկահովիտի շրջանում դրամահավաքը կազմակերպել է Արագած գյուղի գյուղապետը, իսկ Ոսկեվազ, Օշական, Աղձք և հարակից այլ գյուղերում՝ Ոսկեհատի գյուղապետը: Ամենաուշագրավն այն է, որ 100-ից ավելի համայնքների հավաքած «նվերը» փոխանցվել է ոչ թե սեղանի շուրջ, այլ հենց այնպես՝ որպես «հարկատեսակ»:
Մեր հարցին ի պատասխան, մարզպետ Սահակյանը, լսելով «Հրապարակի» անունը, գոռաց, թե իրեն չզանգենք, իսկ Ոսկեհատի գյուղապետը խոստովանեց, թե շնորհավորել են մարզպետին: «Ամոթ չի՞ գումար հավաքենք, ընդամենը գնացել եմ ու շնորհավորել»,- թերթի փոխանցմամբ ասել է նա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։