Բաժիններ՝

«Հարկադրված» նիստ՝ ԱԺ-ում

Այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում նախատեսված նիստը մեկնարկեց մոտ 40 րոպե ուշացումով, այն էլ՝ լրագրողների ներկայությունից հարկադրված և հանձնաժողովի 16 անդամներից միայն 5-ի մասնակցությամբ: Ավելի տարօրինակն այն է, որ նիստը «սկսվել» էր ժամանակին, մասնավորապես՝ հանձնաժողովի երկու անդամներ՝ Թևան Պողոսյանն ու Արթուր Ստեփանյանը հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի մոտ էին, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե երբ է սկսվելու նիստը, նրանք ասացին, որ արդեն սկսել են, բայց տեսախցիկ տեսնելով` Կ.Նահապետյանը հայտարարեց ընդմիջում ու միայn 40 րոպե անց պատշաճ ձևով սկսեցին քննարկումը: Այդ ընթացքում էլ ևս 2 անդամներ՝ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Միքայել Մանուկյանը միացան նրանց:

Օրակարգում «ՀՀ-ում քաղաքացիական պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը» թեմայով խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ հարցն էր: Միաձայն որոշվեց լսումներն անցկացնել մարտի 27-ին՝ գնահատելու առկա խնդիրներն ու զարգացումները և կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:

Ընդ որում՝ Թևան Պողոսյանը շտապեց շնորհակալություն հայտնել նիստը ուշ սկսելու համար, նշելով, որ ինքը մասնակցում էր հայ-չինական խորհրդարանական խմբի նիստին:

Թ.Պողոսյանն ու Խ.Քոքոբելյանը կարևորեցին լսումների անցկացումը՝ հատկապես սահմանամերձ տարածքներում քաղաքացիների պաշտպանության խնդիրների հետ կապված: Խ.Քոքոբելյանը նշեց, որ սահմանամերձ տարածքներում կրակոցներից պաշտպանվելու համար կարող են ծառայել, օրինակ, նախկին կաթսայատները: Նա կարևորեց լսումների ժամանակ տեխնիկական խնդիրների ներկայացումը:

Նաև որոշվեց մարտի 17-ին այցելել Ճգնաժամային կառավարման ակադեմիա և կենտրոնական զինվորական կլինիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս