Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը կրթության և գիտության բնագավառի կանանց և աղջիկներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը մարտի 8-ի կապակցությամբ.

«Կրթության և գիտության բնագավառի սիրելի’ կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Այս տոնական օրը ձեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների ու շնորհավորանքների առանցքում սերն ու գնահատանքն է, երախտագիտությունն ու խոնարհումը: Դուք ընտանիքում համբերատար մայր եք, առաքինի կին, բարի ու խորհրդատու ծնող, հոգատար քույր և դուստր, իսկ աշխատանքում` բանիմաց և փորձառու, մասնագիտական ողջ կարողություններն ապագա սերնդին անմնացորդ փոխանցող հմուտ մասնագետ:

Կարևոր ու անգնահատելի է ձեր վաստակը ինչպես գիտակրթական համակարգի կայացման ու զարգացման, այնպես էլ երիտասարդ սերնդի ուսուցման, դաստիարակման և ազգային ինքնության պահպանման պատասխանատու գործում:
Ձեր համբերատար աշխատանքի ու նվիրումի արդյունքն է, որ այսօր հպարտանում ենք միջազգային տարբեր օլիմպիադաներում հաղթող մեր աշակերտներով, խելացի ու բանիմաց մեր երիտասարդներով ու նաև սահմաններն անառիկ պահող մեր զինվորներով:

Սիրելի’ կանայք և աղջիկներ, շնորհավորելով ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն:

Սիրով` ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ»:

Տեսանյութեր

Լրահոս