Մարտի 6-ին ՊՆ վարչական համալիրում նախատոնական տրամադրություն էր
Կանանց տոնին ընդառաջ կազմակերպված տոնական ցերեկույթը մեկնարկեց ՀՀ զինված ուժերում կանանց զինվորական ծառայության մասին պատմող ՊՆ Տ և ՀԿ վարչությունում պատրաստված «Թույլ սեռ, ուժային մասնագիտություն» տեսաֆիլմի ցուցադրությամբ:
Այնուհետև ելույթի համար խոսք տրամադրվեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Մարիամ Վարդանյանին, զինված ուժերում միաժամանակ ծառայության մեջ գտնվող երեք եղբայրների մայր Արմենուհի Ղարիբյանին, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Հովնանյանին: Այնուհետև շնորհավորական ելույթով հանդես եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը շնորհավորեց հայոց բանակի բոլոր զինծառայողների մայրերին՝ խոնարհումով հիշելով հատկապես նրանց, ում որդիները զոհվել են հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում:
Ելույթից հետո նախարարը շնորհակալագրեր հանձնեց մեկից ավելի զինծառայող զավակներ ունեցող կանանց և որպես նվեր արձակուրդ շնորհեց նրանց որդիներին՝ առաջիկա տոնական օրերին իրենց մայրերի կողքին լինելու հնարավորություն ընձեռելով նրանց: Պատվոգրեր, մեդալներ և արժեքավոր նվերներ ստացան նաև ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում ծառայող՝ ծառայության ընթացքում աչքի ընկած կանայք, հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ազատամարտիկներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ, զոհված զինծառայողների կանայք և մայրեր:
Պարգևատրման արարողությանը հաջորդեց տոնական միջոցառումը, որի ընթացքում Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» նվագախմբի երաժիշտների նվագակցությամբ իրենց երաժշտական կատարումներով դահլիճում ներկա կանանց շնորհավորեցին հայ էստրադայի երգիչ-երգչուհիները, իսկ ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանն ասմունքեց հայ պոեզիայի դասականների ստեղծագործություններից: Միջոցառումը եզրափակվեց ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի կատարումներով: