Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մարդու իրավունքների խախտում է հայտնաբերել Բնապահպանության նախարարության գործողություններում
«Էկոիրավունք» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Գրիգորյանն ու Մելիքգյուղ համայնքի 74 բնակիչ դիմել են Օմբուդսմենին՝ նշելով, որ Բնապահպանության նախարարությունը օրենքով սահմանված կարգով չի ապահովել Արագածոտնի մարզի Թուխմանուկի հանքավայրի պոչամբարի նախագծի վերաբերյալ հասարակական լսումների իրազեկման ընթացակարգերի, այդ թվում և հասարակական լսումների իրականացումը:
Գործն ուսումնասիրելու ընթացքում պարզվել է, որ Բնապահպանության նախարարությունն անտեսել է ազդակիր համայնքի բնակիչների նախատեսվող գործունեության իրականացման նախաձեռնության մասին դիրքորոշումը և առաջարկները:
Արդյունքում, Նախարարության ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով խախտվել են Մելիքգյուղ համայնքի բնակիչների իրավունքները. օրենքով հստակ սահմանված են պարտադիր կատարման մի շարք հասարակական լսումների ժամկետներ, որոնց նպատակը տարբեր ընթացակարգերի ապահովումն է և իրականացվելիք գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության ամբողջական և լիարժեք եզրակացության առկայությունը:
Պաշտպանը Բնապահպանության նախարարությանն առաջարկում է միջոցներ ձեռնարկել՝ այսուհետ բացառելու համար օրենքով նախատեսված ընթացակարգերը չպահպանելու դեպքերը: