Նաիրա Զոհրաբյան. «Ես այսօր «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում եմ ընդդիմություն»
Այսօր ԲՀԿ արտահերթ համագումարում նախագահ է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը: Նա իր ելույթում ասել է.
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարգելի գործընկերներ,
Լինեմ անկեղծ՝ ինձ համար դժվար է լինելու տալ բոլոր հարցերի պատասխանները, որ այսօր ունի մեր հանրությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, եւ ունեք նաեւ դուք՝ որպես ԲՀԿ անդամներ, կուսակցության նվիրյալներ: Կարծում եմ՝ պետք չէ բացատրել, թե ինչ ծանր պատասխանատվություն է Գագիկ Ծառուկյանից հետո ղեկավարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Սակայն, քաղաքականությունից հեռանալը եղել է Գագիկ Ծառուկյանի անձնական որոշումը եւ ինչքան էլ մեզանից շատերը համաձայն չեն եղել այդ որոշման հետ, սակայն յուրաքանչյուր մարդ ունի իրավունք իր համար կայացնելու անձնական որոշում, եւ մենք պարտավոր ենք հարգել մեր գործընկերոջ կայացրած որոշումը:
Այո, քաղաքականությունից հեռանալու եւ ԲՀԿ նախագահի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հրաժարվելուց հետո, լինեմ անկեղծ, կուսակցությունում եղել են բազմաթիվ քննարկումներ՝ թե՛ քաղաքական թիմում, թե՛ տարածքային կառույցներում՝ կուսակցության հետագա ճակատագրի հետ կապված: Ես հիմա չեմ ցանկանում կրկին անգամ անդրադառնալ այդ քննարկումներին, որովհետեւ, նաեւ Գագիկ Ծառուկյանի հորդորով, կարծում եմ, մենք միասին կայացրեցինք ճիշտ որոշում՝ շարունակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությունը, որովհետեւ մենք առաջին հերթին ունենք պատասխանատվություն մեր ընտրողների, մեր քաղաքացիների առաջ: Եւ մեր խորին շնորհակալությունը Գագիկ Ծառուկյանին՝ իր ազնիվ ու նվիրյալ գործունեության համար:
Հարգելի գործընկերներ, վերջին իրադարձություններից հետո հիասթափվե՞ց հանրության մի հատված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Ես անկեղծ չեմ լինի, եթե ասեմ՝ ոչ: Եվ դրա համար երեւի ուներ իրավունք: Ես մեր բոլորի անունից ներողություն եմ խնդրում մեր այն հայրենակիցներից, ում հույսերը մենք չկարողացանք արդարացնել: Այսօր ես չեմ ցանկանում խոսել տեղի ունեցածի պատճառների, մեր ու այլոց սխալների մասին: Տեղի ունեցածը վերլուծելու համար ժամանակ է պետք, բայց դա անպայմանորեն պիտի արվի, հետագա մեր քայլերի ու գործողությունների ճիշտ հետեւությունների համար:
Այո, այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար հեշտ ժամանակներ չեն, սակայն ամուր եւ կենսունակ է այն կուսակցութունը, որը կարողանում է դիմակայել դժվարություններին եւ շարունակում է իր ճանապարհը, որովհետեւ վստահ է, որ անելիք ունի մեր երկրի առջեւ ծառացած լրջագույն համակարգային խնդիրները լուծելու հարցում:
Այդ խնդիրները չեն վերացել եւ դրանք լուծելու գործում մենք շարունակելու ենք լինել սկզբունքային ու վճռական: Ես կրկին պնդում եմ, որ այդ խնդիրները մենք կարողանալու ենք լուծել միայն լայն համախմբմամբ՝ միմյանց օգնելով, լինելով իրական, այլ ոչ թե իմիտացիոն համախոհներ ու գործընկերներ: Սա է ճանապարհը. այլ ճանապարհ չկա:
Մենք շարունակելու ենք պաշտպանել սոցիալական բոլոր խավերի շահերը, ինչպես որ արել ենք միշտ՝ թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս, ու նաեւ մեր հետեւողական պայքարի արդյունքում էր, որ փոքր եւ միջին ձեռներեցության բազմահազար ներկայացուցիչների հետ միասին հասանք կոնկրետ արդյունքի՝ ընդունվեց կողմերի համար փոխընդունելի տարբերակ: Ես հիմա չեմ ցանկանում թվարկել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են եղել քաղաքացու հոգսը թեթեւացնելուն եւ տվել են արդյունք:
Հարգելի գործընկերներ, հիմա հապճեպ քայլեր անելու ժամանակը չէ. հիմա տեղի ունեցածը սթափ, առանց ավելորդ էմոցիաների քննարկելու, վերլուծելու եւ հետեւություններ անելու ժամանակն է: Մենք պետք է հաշվետվություն տանք հանրությանը, թե ինչու իրադարձությունները զարգացան այս կերպ եւ ի՞նչ քայլերով այսուհետ պիտի հասնել երկրի առջեւ ծառացած իրապես լրջագույն խնդիրների լուծմանը:
Մենք պետք է հասկանանք, որ պետության եւ ժողովրդի խնդիրները այս ներքաղաքական ճգնաժամից հետո չեն լուծվել, անգամ չեն մեղմվել: Եւ եթե մեր խնդիրը իրապես ժողովրդի կողքին լինելն ու ժողովրդի իրավունքների համար պայքարելն է, ուրեմն մենք պետք է շատ լուրջ աշխատենք այդ ուղղությամբ: Մեր պայքարը երբեք աթոռների ու պաշտոնների համար չի եղել ու, կարծում եմ, հանրությունը դա հրաշալի գիտի։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հավատացեք, լուրջ անելիք ունի եւ մենք, այստեղ հավաքվածներս, մեզանից յուրաքանչյուրս, որ կուսակցության ստեղծման առաջին օրվանից միասին կառուցել ենք մեր կուսակցությունն ու կարողացել վաստակել ժողովրդի վստահությունը, ուղղակի բարոյական իրավունք չունենք շրջվելու եւ հեռանալու:
Հարգելի կուսակից ընկերներ, կան բարդ իրավիճակներ, սակայն անհաղթահարելի ու անլուծելի իրավիճակներ չկան, եթե քո նպատակն ու ցանկությունը ազնիվ է: Ես վստահ եմ, որ մեր բոլորի նպատակը ուժեղ պետություն, արժանապատիվ կյանքով ապրող քաղաքացի ունենալն է, եւ ահա հանուն այդ նպատակի մենք շարունակելու ենք աշխատել թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս: Մեզանից որեւէ մեկի համար հեշտ չի լինելու, բայց մենք մեկ անգամ չէ, որ միասին կարողացել ենք հաղթահարել բարդ իրավիճակներ:
Ես անկեղծորեն խոստովանում եմ՝ ստեղծված նոր իրավիճակում մենք մտածելու, վերլուծելու, հետեւություններ անելու, կուսակցության ներսում լուրջ գործ ունենք, ուստի ես պիտի ներողություն խնդրեմ նաեւ լրատվամիջոցներից, որոնց բոլորի հարցերին չէ, որ ես ու իմ գործընկերներն այսօր ունենք եւ պատրաստ ենք տալ պատասխաններ:
Հավատացեք, ինձ համար հեշտ չէ ստանձնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնը: Ես հասկանում եւ սթափ գնահատում եմ բոլոր հնարավոր դժվարություններն ու խնդիրները: Բայց դրանք բոլորը կլինեն հաղթահարելի միայն մեկ դեպքում, եթե մենք լինենք միասնական ու միմյանց օգնելով շարժվենք առաջ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք բոլոր որոշումները կայացնելու ենք մասին՝ միմյանց հետ խորհրդակցելով, քննարկելով, որովհետեւ դա է կուսակցական ժողովրդավարության ամենաարդյունավետ գործիքը:
Ես ձեզանից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեմ ու վստահ եմ՝ միասին մենք կկարողանանք վերգտնել ժողովրդի հետ ինչ-որ չափով խաթարված երկխոսությունն ու շարունակել աշխատել պետության առջեւ ծառացած լրջագույն խնդիրները լուծելու համար:
Հարգելի գործընկերներ, խորհրդակցելով ձեր բոլորի հետ, ես այսօր «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում եմ ընդդիմություն:
Նույնը ես կհայտարարեմ ԱԺ առաջիկա քառօրյայում՝ օրենքի համաձայն: Մեզ, բնականաբար, ժամանակ է պետք մեր մարտավարությունն ու հետագա քայլերը ծրագրելու համար:
Մեզ հիմա լրջագույն քննարկումների եւ վերլուծությունների փուլ է սպասվում՝ ընդդիմության հստակ եւ ընկալելի մարտավարություն մշակելու համար: Մենք դա անելու ենք միասին, որովհետեւ մենք պատասխանատվություն ունենք ժողովրդի առջև: Այլ ճանապարհ չկա:
Վերջում՝ երկու բառ իմ մասին: Ես պատրաստ եմ աշխատելու: Ես կողմ եմ թիմային աշխատանքի, կողմ եմ ներկուսակցական քննարկումների եւ բանավեճերի: Սակայն, ուզում եմ լինել ձեզ հետ բացարձակապես անկեղծ. եթե գա մի պահ, որ ես տեսնեմ, որ իմ աշխատանքը արդյունք չի տալիս, իմ եւ իմ գործընկերների պատկերացումները անելիքների ու ապագայի հանդեպ չեն համընկնում, ես արժանապատիվ վայր կդնեմ ԲՀԿ նախագահի իմ լիազորությունները: Եվ երբեք չեմ անի քայլ, որը պատիվ չի բերի կուսակցությանն ու կհիասթափեցնի ժողովրդին։ Դրանում կարող եք վստահ լինել։
Կրկին անգամ շնորհակալ եմ վստահության համար»: