Քննիչը հարբած վիճակում վթարի է ենթարկվել. հարուցվել է քրգործ
Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից կազմված եզրակացության մեջ իրականությունը ներկայացվել է աղավաղված կերպով:
Մասնավորապես՝ ըստ ոստիկանությունից ստացված եզրակացության՝ հիշյալ օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, Հակոբ Գ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս հոգնածության պատճառով քնել է ղեկին, որի հետևանքով կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել ճամփեզրի մոտ կայանված «Վազ 2107» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներին:
Սակայն ըստ ապահովագրական ընկերության` իրականում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարել է ոչ թե Հակոբ Գ.-ն, այլ ալկոհոլային հարբածության վիճակում գտնվող, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչ հանդիսացող նրա եղբայրը:
Ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 34-184-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն