Ազատամարտիկները շարունակում են պարգևները հանձնել Ժիրայր Սէֆիլյանին
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունըտ հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Այսօր՝ 2015 թ. մարտի 2-ին, հայտնի ազատամարտիկներ Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանը հրաժարվել են իրենց պետական պարգևներից և դրանք հանձնել են «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի 1-ին հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին:
Քերոբ Ղազարյանը և Մխիթար Ավետիսյանն իրենց պարգևները հանձնել են ի նշան 2015 թ. հունվարի 31-ին Բերձորում կատարված պետական ահաբեկչության դեմ բողոքի: Նրանք այդ օրը Արցախի կողմից եկել էին դիմավորելու «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման ավտոերթի մասնակիցներին, սակայն նրանց թույլ չէին տվել հասնել ավտոերթին և դաժան ծեծի ենթարկելով՝ հետ էին ուղարկել:
Քերոբ Ղազարյանը Արցախյան ազատամարտի տարիներին մարտնչել է Շուշիի առանձնակի գումարտակի կազմում, մասնակցել է Շուշիի ազատագրմանը:
Ազատամարտից հետո լծվել է բանակաշինության գործին, զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ: 1998-2000 թ.թ. եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար:
Պահեստազորի փոխգնդապետ է:
Քերոբ Ղազարյանը հանձնել է «Շուշիի ազատագրման համար» և «Մարտական ծառայության» մեդալները:
Մխիթար Ավետիսյանը Արցախյան ազատամարտին մասնակցել է որպես հրետանավոր: Եղել է հրետանային մարտկոցի, այնուհետև՝ դիվիզիոնի հրամանատար:
Ազատամարտից հետո զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ: Եղել է հրետանային բրիգադի շտաբի պետի տեղակալ:
Պահեստազորի մայոր է: Մխիթար Ավետիսյանը հանձնել է «Արիության մեդալ»-ը»: