Ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են մարտական կորստի մասին. razm.info

Ռազմինֆոն ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է, որ մարտի 1-ին հայկական դիպուկահարի գնդակից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Միրզաև Մեհդի Նաբի օղլուն։

Նշենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ փետրվարի 28-ի ադրբեջանական դիրվերսիայից հետո Պաշտպանության բանակի զինծառայողները խոցել են ադրբեջանցի 3 զինծառայողի։

Հավելենք, որ փետրվարի 28-ին ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ ՊԲ հյուսիսային ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցել էր 2 կորուստ։ Զոհվել են զինծառայողներ 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը։

Դիվերսիայի լուրը հայտնելիս ՊԲ մամուլի ծառայությունից նշել էին նաև, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն «ադրբեջանական կողմին կորուստներ են պատճառել և հետ շպրտել ելման դիրքեր»: Մեկնաբանելով այս լուրը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Վագիֆ Դարգահլըն հերքել էր, որ իրենք դիվերսիայի ընթացքում կորուստներ են ունեցել։

Տեղեկացնենք, որ Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ առաջնագծում լարված իրավիճակի ու դրանից բխող ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է ադրբեջանական կողմի վրա։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը հրավիրել է միջազգային միջնորդական կազմակերպությունների ուշադրությունը վերջին դեպքերի վրա։

Տեսանյութեր

Լրահոս