Նեմցովը կդառնա ևս մեկ անուն չբացահայտված քաղաքական սպանությունների ցանկում

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կասկածում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը պատշաճ կերպով կհետաքննվի,-գրում է BBC-ին:

«Անպատժելիության իրավիճակը, մարդու իրավունքների խախտումներին մասնակից անձանց բացահայտելու եւ արդարադատությանը հանձնելու քաղաքական կամքի ակնհայտ բացակայությունը, իրավապահ համակարգի պրոֆեսիոնալիզմի ակնհայտ բացակայությունը ստեղծել են ատելության եւ ամենաթողության մթնոլորտ: Մինչ այժմ չեն գտնվել Աննա Պոլիտկովսկայայի, Նատալիա Էսթեմիրովայի եւ շատ ուրիշների սպանությունների պատվիրատուները»,- ասվում է կազմակերպության ղեկավար Սերգեյ Նիկիտինի հայտարարության մեջ:

«Նեմցովի սպանությունը պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրվի, մեղավորները պետք է պատժվեն: Կցանկանա՞ արդյոք համակարգը: Կկարողանա՞ անել դա ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, դատարանը՝ մեծ հարց է»,- շարունակում է Նիկիտինը:

Հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվել, որ Նեմցովը կդառնա եւս մեկ անուն չբացահայտված քաղաքական սպանությունների ցանկում, որոնց հետաքննությունը վերցվել է բարձրաստիճան քաղաքական գործիչների «անձնական վերահսկողության» տակ: «Սա խոսքի ազատության ճնշման եւ հավաքների ներկա մթնոլորտում ազատ ձայներից մեկի սառնարյուն սպանություն է, որին իշխանություններն ակտիվորեն փորձում էին լռեցնել»,- ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:

Թարգմանությունը` ԳԱԼԱ-ի:

Տեսանյութեր

Լրահոս