Բաժիններ՝

«Ռուսաստանը նորից է սկսել կրակել ինքն իր վրա». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարություն է տարածել՝ ռուս հայտնի քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության կապակցությամբ։

«Սպանվել է Բորիս Նեմցովը: Ռուսաստանը նորից է սկսել կրակել ինքն իր վրա: Ու նորից թիրախը հենց նրանք են, ովքեր կարողանում են «այո» ասել ու «ոչ» ասել, ովքեր կարողանում են սեփական խոսքն ասել՝ հակառակ իշխանության թելադրանքի: Նահանգապետից՝ փոխվարչապետ ու ընդդիմադիր. երբ իշխանությունից հեռանում էր ՌԴ առաջին նախագահը՝ սա խորհրդանշանական ճանապարհ է, որով անցան նրա սերնդակիցներից շատերը՝ դուրս մղվելով քաղաքականությունից, որովհետև Ռուսաստանն ինքն էր հեռանում ժողովրդավարության իր հայտարարած ճանապարհից:

Անկաշառ, ուղղամիտ, անկախ ու համարձակ՝ նման քաղաքական գործիչների ներկայությունն էր հույս տալիս, որ Ռուսաստանում ինչ-որ ժամանակ կարող է և ընկալվել՝ ինչ է նշանակում ռազմավարական համագործակցություն, ինչ է նշանակում դաշնակից ու եղբայր: Բայց քաղաքական համակարգը օտարում է հենց այդ մարդկանց, ովքեր փոփոխություն են ուզում, ովքեր կարող են այդ փոփոխությունն անել:

Մահից ընդամենը մի քանի ժամ առաջ նա հարցազրույց էր տվել՝ նորից քննադատելով իշխանության ուկրաինական քաղաքականությունը, պատերազմի ու երկիրը մասնատելու քաղաքականությունը: Երբ մայրաքաղաքում մարտի մեկի «Գարուն» անվամբ հանրահավաքից առաջ սպանվում է ընդդիմության առաջնորդներից մեկը, նշանակում է՝ թիրախում բոլորն են, թիրախում ընդդիմություն գաղափարն է, որի սպանությունը միայն կարող է անվտանգ դարձնել իշխանությանը՝ շարունակելու իր վարած քաղաքականությունը:

Անձամբ ճանաչելով Բորիս Նեմցովին՝ ցավակցում եմ նրա հարազատներին, մտերիմներին ու համախոհներին և ռուս ժողովրդին, որ երեկվանից ծաղիկներ է դնում Կրեմլի պատերի տակ կամրջին սպանված իր զավակի հիշատակը հարգելու համար, բայց գլխիկոր չէ ու չի համարում, որ կամուրջն այլևս ոչ մի տեղ չի տանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս