Ժիրայր Սէֆիլյանը կոչ է արել ոչ թե չվճարել տուգանքները, այլ՝ հետաձգել դրանց վճարում
Երեկ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սէֆիլյանը կոչ էր արել «հանցավոր իշխանությունների դեմ պայքարելու համար» դիմել զանգվածային անհնազանդությունների, մասնավորապես՝ կոչ էր արել չվճարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները:
«Գաղտնիք չէ, որ այդ տուգանքների գումարների մեծ մասը պետական բյուջեի փոխարեն անուղղակի ճանապարհով բաժին է հասնում քրեաօլիգարխիկ համակարգին: Ուստի այս քայլով մենք ռեժիմին թույլ չենք տալիս կեղեքել մեզ, ինչպես նաև նրան զրկում ենք զգալի չափի կանխիկ դրամից: Տուգանքները վճարելու փոխարեն՝ առաջարկում ենք օգտվել օրենքի տված հնարավորությունից և վեց ամսով հետաձգել (տարաժամկետել) դրանց վճարումը: Իսկ ապրիլի 24-ին մենք դուրս կգանք փողոց և կսկսենք մի գործընթաց, որի շնորհիվ կհեռացնենք ռեժիմին: Դրանից հետո նոր կառավարությունը համաներման կարգով չեղյալ կհայտարարի ռեժիմի օրոք կուտակված բոլոր տուգանքներն ու տույժերը»,- ասված է Հիմնադիր խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ:
168.am-ի հետ զրույցում «ԱՐԵՍ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշել էր, որ 6 ամիս տուգանքները չվճարելու պարագայում տուգանքները կկրկնապատկվեն, իսկ հետագայում կարող են նույնիսկ հնգապատկվել՝ համապատասխան ժամկետում չվճարելու հետ կապված:
Ժ. Սէֆիլյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նման կոչ անելիս հաշվի առե՞լ է վերոնշյալ ռիսկերը, որոնք կարող են խնդիրներ առաջացնել տուգանքները չվճարող քաղաքացիների մոտ, և որքանո՞վ է վստահ, որ ապրիլի 24-ից հետո կարողանալու են հեռացնել գործող իշխանություններին:
Ժ. Սէֆիլյանը պարզաբանեց, թե իրենք կոչ են անում ոչ թե չվճարել տուգանքները, այլ հետաձգել (տարաժամկետել) դրանց վճարումը. «Այդպիսի իրավունք ավտոմեքենայի սեփականատերն ունի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածով: Մենք վստահ ենք, որ ապրիլի 24-ին ժողովրդին հրավիրելու ենք փողոց և սկսելու ենք քաղաքացիական անհնազանդության քայլեր, որոնց շնորհիվ հեռացնելու ենք ռեժիմին»:
Փաստաբան Ա. Կիվիրյանն ասաց, որ հետաձգելու դեպքում՝ տուգանքները չեն ավելանա: Մարդիկ տուգանքը ստանալուց հետո՝ 10 օրվա ժամկետում կարող են դիմել ՃՈ-ին և հետաձգել տուգանքի վճարումը. «Իրենք դիմում են Ոստիկանությանը, խնդրում են հետաձգել ու պարտավորվում են 6 ամսվա ժամկետում այդ գումարը մարել: Բնականաբար, այս պարագայում հետևանքներ չեն առաջանա, միայն տուգանքը կվճարեն»: