Հայաստանը սկսել է եվրոպական մրգեր ներկրել և հայկականի անվան տակ արտահանել Ռուսաստա՞ն
168.am-ի տեղեկություններով՝ Հայաստանը սկսել է եվրոպական մրգեր ներկրել և հայկականի անվան տակ արտահանել Ռուսաստան: Մեր աղբյուրները նշեցին նաև այս հնարամիտ գործով զբաղվող ընկերության անունը, սակայն մեզ չհաջողվեց զրուցել այդ ընկերության ներկայացուցիչների հետ: Առաջիկայում կանդրադառնանք նաև այդ ընկերությանը:
Եվ այսպես, մասնավորապես՝ ՀՀ է բերվում իսպանական տանձ, պիտակավորվում որպես Հայաստանի արտադրանք և արտահանվում ՌԴ:
Մաքսային ծառայությունն ամփոփել է անցած տարվա առևտրի վիճակագրությունը, սակայն տանձի տվյալներն առանձին տողով չեն բերվում և ներկայացված են խնձորի ու սերկևիլի հետ: Ըստ այդմ՝ ՀՀ-ն անցած տարի մոտ 260 տոննա ավելի շատ թարմ խնձոր, տանձ, սերկևիլ է ներկրել, ընդ որում՝ առաջին անգամ Իսպանիայից մրգի ներկրում է եղել, իսկ ՌԴ արտահանել է 2000.6 տոննա խնձոր, տանձ, սերկևիլ, որը նախորդ տարվա համեմատ քառակի ավելի է: Ըստ ամենայնի, խոսքը չի վերաբերում միայն նշված մրգերին, այլ Ռուսաստան առաքվող «հայկական» տեսականին շատ ավելի բազմազան է:
Սակայն, հանուն արդարության պետք է նշել, որ այս հնարամտության հեղինակները հայերը չեն: ՌԴ դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Բելառուսն էր եվրոպական բանջարեղենն անարգել որպես սեփական առաքում ՌԴ և հենց այդ պատճառով անցած տարի ՌԴ-ն մաքսակետեր դրեց Բելառուսի հետ սահմանին: Այնպես որ, չի բացառվում, որ նույն «մահակն» իջնի նաև ՀՀ գլխին: