ԵՏՄ անդամակցությունից հետո ՌԴ-ում հայ միգրանտների վիճակը փոքր ինչ լավացել է, բայց հասարակության վերաբերմունքը` նույնն է. Վերխովսկի

«Ռուսաստանյան հասարակության միգրանտների նկատմամբ ծայրահեղ բացասական վերաբերմունք ունեցող հատվածները իրենց վերաբերմունքը հայ միգրանտների նկատմամբ չեն փոխել նույնիսկ ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո, թեև բռնությունների աղմկահարույց դեպքեր չեն պատահել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Սովա» վերլուծական-տեղեկատվական կենտրոնի ղեկավար, հայտնի հասարակական գործիչ, իրավապաշտպան Ալեքսանդր Վերխովսկին:

Նրա խոսքով, նախկինի համեմատ՝ անկախ ազգային պատկանելիությունից Ռուսաստանում միգրանտների նկատմամբ վերաբերմունքը փոքր ինչ լավացել է, միգրանտների հետ կապված աղմկահարույց դեպքեր նախկինի համեմատ քիչ են պատահում: Ըստ նրա` պետությունը արտոնություններ է տրամադրել ԵՏՄ անդամ երկրներից Ռուսաստանում աշխատել ցանկացող միգրանտներին, սակայն հասարակության վերաբերմունքը դրանից էականորեն չի փոխվում:

Ավելին, Ալեքսանդր Վերխովսկու խոսքով, զուգահեռ այն արտոնությունների, որոնք ՌԴ-ն տրամադրում է ԵՏՄ անդամ երկրների միգրանտներին, ՌԴ-ն սահմանել է կտրուկ և խիստ միգրացիոն քաղաքականություն՝ փորձելով բավարարել հանրային պահանջները, որոնք հենց իրենք էլ ձևավորվել էին նախորդ  ընտրություններից առաջ:

«ՌԴ իշխանություններն իրենք են բորբոքում ազգայնական տրամադրություններ երկրում՝ խոստանալով խիստ միգրացիոն քաղաքականություն, ապա իրականացնելով այդ քաղաքականությունը: Պարզապես այդ ոլորտը պետք է հստակեցվի և հստակ նորմեր սահմանվեն` վերացնելով միգրանտների նկատմամբ կիրառվող կտրուկ պատժամիջոցներն ու արգելքները` հատկապես, երբ միգրացիոն հոսքերը դեպի ՌԴ կրճտավել են տնտեսական ճգնաժամի արդյունքում»,- ասաց Ալեքսանդր Վերխովսկին:

Կարդացեք նաև

Նրա խոսքով, պետք է վերանան նաև «սև ցուցակները», որոնցում հայտնված միգրանտները թեթև իրավախախտումների համար տարիներով զրկվել են ՌԴ մուտք գործելու իրավունքից: Հատկապես, նրա դիտարկուներով, խոսքը ՀՀ միգրանտների մասին է, քանի որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ երկիր է և ՀՀ միգրանտները պետք է ունենան մեծ արտոնություններ:

Տեսանյութեր

Լրահոս