ԱՄՆ-ը չի պատրաստվում ՌԴ-ի հարաբերությունների սրման պատճառով ուղղումներ անել իր միջուկային դոկտրինում
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ը որևէ ուղղում չի կատարելու իր միջուկային դոկտրինում` կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների կտրուկ սրման հետ: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի` քաղաքական հարցերով տեղակալ Բրայան Մաքքեոնը.
«Մենք կարիք չունենք ընդլայնելու ԱՄՆ-ի միջուկային զենքի դերը կամ էլ փոխելու մեր միջուկային դոկտրինը: Մենք գործարկում ենք ազգային հզորության բոլոր գործիքները` ներառյալ դիվանագիտականը, տնտեսականն ու ռազմականը»:
Պենտագոնին մտահոգում է այն փաստը, որ Ռուսաստանը խախտում է 1987 թվականին ստորագրված Փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագիրը:
Մաքքեոնը կարծում է, որ Ռուսաստանի կողմից պայմանագրի խախտումն ԱՄՆ-ին դնում է ոչ շահեկան վիճակում, ինչի համար էլ ամերիկյան կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի Ռուսաստանը կատարի ավելի վաղ ստանձնած պարտավորությունները: