Բաժիններ՝

Կյանքից հեռացավ ժողովուրդների ընկերն ու միաժամանակ` Ռուսաստանի իսկական հայրենասերը. Սաակաշվիլին` Նեմցովի մասին

Gordonua.com-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը.

«Բորիս Նեմցովը Ռուսաստանի իսկական հայրենասեր էր: Բորիս Նեմցովը շատ համարձակ մարդ էր, այսպես ասած շատ անզգույշ: Նրա հետ կարելի էր վիճել ու չհամաձայնվել, սակայն անհնար էր մնալ անտարբեր: Ես նրան ճանաչել եմ 1990-ական թվականների կեսերից, մենք հաճախ ենք շփվել, հատկապես վերջին տարիներին:

Կյանքից հեռացավ մյուս ժողովուրդների ընկերն ու միաժամանակ Ռուսաստանի իսկական հայրենասերը, պարզապես շատ հետաքրքիր մարդը մեծ երկրում, որը ղեկավարում են չարամիտ միջակությունները: Շատ ցավալի է»:

Սաակաշվիլու խոսքերով` Նեմցովը կասկածներ ուներ բռնի մահվան հնարավորության մասին: Սաակաշվիլին ընդգծել է, որ վերջին անգամ Նեմցովի հետ հանդիպել է մի քանի շաբաթ առաջ, Կիևի «Ֆերմոնտ» հյուրանոցում, որի ժամանակ Նեմցովը պատմել է, որ իր համակիրների հետ պլանավորել են Մոսկվայում անցկացնել երթ:

Երբ Սաակաշվիլին Նեմցովին հարցրել է, թե արդյոք չի՞ վախենում Ռուսաստանում իր անվտանգության համար և հատկապես հիմա, Նեմցովը պատասխանել է, որ իրեն` որպես նախկին պաշտոնատար անձի, հազիվ թե դատապարտեն տևական ժամկետով ազատազրկման: Սաակաշվիլին նշել է, որ այդ ժամանակ ընդհատել է նրան` ասելով, որ նա ավելի շատ պետք է վախենա հաշվեհարդարից.

«Մենք երկար խոսեցինք, թե ինչպես կավարտվի Պուտինը և համաձայնվեցինք որ նրա պահվածքը շատ զուգահեռներ ունի Միլոշևիչի հետ, որին պատերազմը դարձրեց հանրաճանաչ և միաժամանակ էլ կործանեց նրան: Այսօր ես հիշեցի, որ Միլոշևիչի ժամանակ նույնպես սպանում էին ընդդիմադիրներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս