«Մենք մեզ ճիշտ չենք պահել». Րաֆֆի Հովհաննիսյան
«Ներկա դրությամբ չկա ո՛չ 3-ի, ո՛չ 7-ի, ո՛չ 10-ի կամ 110-ի ձևաչափ, բայց աշխատում ենք ամեն օր ու գիշեր, որ հայ ժողովուրդը ունենա հույսի գրվան, և ով ուզում է Հայաստանի քաղաքացու թագավորությունը իր երկրում, իրավունքի գերակայությունը, ազգի շահը, ինքը կարող է նաև մաս կազմել այդ միացյալ հրապարակին և միասնական օրակարգին»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլի-հավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով «ժառանգության» և մի շարք այլ քաղաքական ուժերի հնարավոր համագործակցության մասին:
Ր. Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք որևէ նախապայման չեն դնում որևէ մեկի առջև, բոլորի հետ խոսում են՝ «ով ուզում է մեզ հետ խոսել».
«Կարծում եմ՝ մի բան սովորել ենք այս տարիների ընթացքում, և դա այն է, որ հայ ժողովուրդը, շարքային քաղաքացին ուզում է միասնական պայքար: Մենք թերացել ենք փետրվարի 20-ին, մենք մեզ ճիշտ չենք պահել, բայց շարքային քաղաքացին իր պայքարը պետք է չզիջի, ինքը պետք է ներկա լինի: Ինքը պետք է հարթակից և հրապարակից պահանջի»:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ միացյալ հրապարակ մինչև հիմա չի ձևավորվել, Ր.Հովհաննիսյանն այսպես պատասխանեց.
«Կարծում եմ՝ միասնականություն կլինի շուտով: Ես պատրաստի դեղատոմս չունեմ, ես չեմ եկել բանաձևով, ես կարող եմ միայն ասել հետևյալը, որ եթե հայ ժողովուրդն ուզում է այդ փոփոխությունը, քաղաքական, քաղաքացիական ուժերը, որոնք ուզում են ազատ, անկախ, ինքնիշխան և սահմանադրական Հայաստան, պետք է կանգնեն միասին»:
Մանրամասները՝ տեսանյութում: