Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ոստիկաններին. «Պատրաստվեցեք ամաչմանը»

«Մի սուրբ մարդ մի քանի օր առաջ ինձ զանգեց ու ասաց, որ պետք է ամաչել ժողովրդից, հայ ժողովրդից պետք է ամաչել, եթե չամաչես, դու ունակ ես ցանկացած բռնության և այլանդակության: Այս խոսքը ես ուղղում եմ իմ ընկեր, իմ ծանոթ, աչքերի մեջ նայած ոստիկանին: Պետք է ամաչել հայ ժողովրդից, պատրաստվեցեք այդ ամաչմանը»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիս-հավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրեց, որ վաղը և մյուս օրը ինքը և «ժառանգության» իր ընկերները կլինեն Վանաձորում, Չինարիում՝ Կարեն Պետրոսյանի հիշատակը հարգելու համար, ինչպես նաև ասելու՝ «այլևս երբեք զոհ չենք տալու»:

«Դուք գիտեք, որ կիրակի օրը մարտի 1-ն է: Երբ եղել ենք Երևանում, մենք միշտ ներկա ենք եղել, և կոչ ենք անում բոլորին ներկա լինել մարտի 1-ի սգո և պահանջի հավաքին այստե՛ղ: Մենք եկել ենք ծաղիկով, խոնարհմամբ և նաև խոսք ասելու պատրաստակամությամբ, թեև այդ խոսքը մեզ չի հասել: Մենք մարտի 1-ի զոհերի առջև կխոնարհվենք հենց սահմանի վրայից՝ Չինարիից»:

«Ժառանգության» առաջնորդը տեղեկացրեց նաև, որ ինքը երկուշաբթի օրը մեկնելու է Բրյուսել՝ ներկայացնելու համար Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովում ցեղասպանության 100-ամյակին նվիրված մի բանաձև. «Որին, բարեբախտաբար, միացել են նաև ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը: Շնոհրակալ եմ դրա համար»:

Նա վստահեցրեց, որ հաջորդ ուրբաթ օրը՝ մարտի 6-ին, ժամը 16-ին իրենք դարձյալ կլինեն Ազատության հրապարակում, և հույս ունեն, որ հաջորդ ուրբաթ կլինի «միացյալ հրապարակ»:

Լրագրողներից մեկի հարցին՝ այս ընթացքում քաղաքական որևէ ուժի հետ հանդիպե՞լ եք և միացյալ հրապարակի մասին հայտարարելով՝ արդյոք հստակ պայմանավորվածություն կամ ինչ-որ փաստ կա՞, որ նշում եք դրա մասին, Ր. Հովհաննիսյանն այսպես պատասխանեց.

«Մենք մի քանի անգամ հանդիպել ենք քաղաքական տարբեր ուժերի հետ՝ այդ թվում՝ ԱԻՄ-ի, ՀՀՇ-ի, Հիմնադիր խորհրդարանի, Պահպանողականի, «ժողովրդավարական հայրենիքի» և այլ գործընկերենրի հետ: Որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա, նախնական խորհրդատվություններ են, բայց ինձ թվում է, որ շատ ու շատ մարդիկ զգում են այս պահի լրջությունը և ճակատագրականությունը, և դրա համար այդ հանդիպումները անպայման կշարունակվեն»:

Տեսանյութը՝ շուտով:

Տեսանյութեր

Լրահոս