ՌԴ-ն Հայաստանի և Բելառուսի համար գազի սակագնի բարձրացում չի նախատեսում. ՌԴ Պետդումայի պատգամավոր
«ՌԴ-ն ԵՏՄ անդամ երկրների համար գազի սակագին չի բարձրացնի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռոման Խուդյակովը` անդրադառնալով գազի սակագնի շուրջ Հայաստան-Ռուսաստան բանակցություններին, որի մասին երեկ ԱԺ-ում խոսեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նրա խոսքով՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Բելառուսի համար գազի սակագնի բարձրացում ՌԴ-ն չի դիտարկում: Խուդյակովի հավաստիացրեց, թե նույնիսկ տնտեսական ճգնաժամը և դրամի, ռուբլու արժեզրկումը, իր տեղեկություններով, չի ստիպել վերանայումներ իրականացնել:
«Ես իմ կարծիքը ևս կարող եմ ներկայացնել: Կողմնակից չեմ, որ ՌԴ-ն իր գործընկեր երկրների համար գազի սակագին բարձրացնի: Հակառակը կարող է լինել Մոլդովայի և Ուկրաինայի դեպքում, որոնք հակառուսական քաղաքականություն են վարում և որոնց գազ պետք է մատակարարվի համաշխարհային գներով: Ինչ վերաբերում է Բելառուսին և Հայաստանին, որը ևս այլևս ԵՏՄ անդամ է, ՌԴ-ն այդ երկրների հետ առանձնահատուկ կապերի մեջ է ու ենթադրվում է, որ գազի գինը չի բարձրանա, նման քննարկումներ Ռուսաստանում չկան»:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի այն հարցին, թե այս կամ հաջորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի նոր թանկացում սպասվու՞մ է, պատասխանել էր, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի նոր թանկացման առումով այս պահին հստակություն: Նա նաև ասել էր, որ ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ՝ գազի գնի հետ կապված:
Ռոման Խուդյակովի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: