Գոռ Քլոյանի հայրը պատմում է, թե ինչու են իրեն հրավիրել ՀՔԾ
2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, այսօրվա ասուլիսի ժամանակ պատմեց, որ մոտավորապես 2 շաբաթ առաջ իրեն հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն որպես տուժողի՝ Գոռ Քլոյանի իրավահաջորդ:
«Ներկայացա այնտեղ ու տեսա նոր քննիչին՝ ազգանունը Հակոբյան: Քննիչը ասաց, որ հիմա բոլոր գործերն իր մոտ են, ինքը նորից ինձ պետք է հարցաքննի որպես մարտի 1-ի մասնակից: Հարցերն ուղղեց, ես պատասխանեցի: Ես պատմեցի մարտի 1-ի դեպքերը, թե ինչեր եմ տեսել»,- ասաց զոհված Գ.Քլոյանի հայրը:
Ս. Քլոյանը պատմեց, որ նոր արձանագրության վերևի մասը քննիչն էր տպում՝ առանց իրեն հարցնելու.
«Երբ վերջացրեց արձանագրությունը կարդացի՝ տեսա, որ վերևի մասում գրված է, որ՝ «զենքի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով՝ ունեցել ենք զոհեր»:
Ես քննիչին հարցրի՝ եթե դուք չգիտեք՝ ովքեր են մեր երեխաներին սպանողները,ապա ինչպե՞ս գիտեք, որ զենքը ոչ ճիշտ կամ անզգույշ են օգտագործել: Իհարկե, քննիչն իմ հարցին չպատասխանեց: Ես երկրորդ հարցն ուղղեցի, ասացի՝ 2009 թվականի սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն իր վերջնական զեկույցում հայտարարել էր, որ «չերյոմուխա 7» տեսակի զենքը խստիվ արգելված զենք էր, իրավունք չունեին ամբոխի մեջ այդ զենքն օգտագործել: Ես հարցրեցի քննիչին, եթե դա խստիվ արգելված զենք էր, ապա ո՞վ հրաման տվեց այդ խստիվ արգելված զենքը զորամասից դուրս հանել, որի հետևանքով ունեցանք զոհեր: Քննիչը նորից իմ հարցին չպատասխանեց:
Ես ստորագրեցի այն մասը, որը ես էի թելադրել, ինքը տպագրում էր, և վերջում դուրս գալուց ասացի՝ պարոն քննիչ, գլխավոր Դատախազը տղամարդավարի խոսք է տվել, որ սայլ տեղից կշարժվի, և նորից չպատասխանեցին ինձ»:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էին Ձեզ հրավիրել ՀՔԾ, Ս. Քլոյանը պատասխանեց, որ այս 7 տարի է՝ իրենք՝ տուժողների իրավահաջորդները, հասկացել են, որ այս բոլոր գործընթացներն ունեն իմիտացիոն բնույթ. «Որ ցույց տան հանրությանը, միջազգային կառույցներին, որ տեսեք՝ մարտի 1-ի գործերով զբաղվում են, աշխատանքներ են գնում, և դրանով նրան երկարաձգում են այս գործերը: Մենք հասկանում ենք, որ երբեք 2008 թվականի մարտի 1-ի էջը չի բացահայտվի, չնայած, բացահայտված է, բայց իրենք բարի կամք չունեն, որ մեղավորներին պատժեն: Մենք համոզված ենք, որ մեղավորները կպատժվեն այն դեպքում, եթե լինի իշխանափոխություն»:
Մարտի 1-ին զոհ դարձած Արմեն Ֆարմանյանի հայր՝ Վաչագան Ֆարմանյանն էլ տեղեկացրեց, որ իրեն անձամբ չեն հրավիրել, ուղղակի 2 անգամ ծանուցագիր են ուղարկել. «Առաջին ծանուցագրի մեջ գրված էր, որ Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Խաչատրյանի և Գոռ Քլոյանի գործերը անջատել են գործի վարութից, առանձին քննություն պետք է վարեն: Նույնն էլ գրված էր երկրորդ ծանուցագրում:
Մեզ՝ ծնողներիս, գլխավոր դատախազը 2 անգամ հրավիրեց իր մոտ ու բացատրեց, որ պետք է առանձնացնեն թե զոհին ո՞ր մասում են խփել, ինչո՞վ են խփել: Այդքան բան: Եթե իշխանափոխություն լինի, այս իշխանությունները վերջացնեն իրենց կարիերան, և նոր իշխանություն գա, միգուցե բացահայտվի, և ամեն մեկը կրի իր պատիժը»:
Նշենք, որ ասուլիսին հրավիրված էին նաև Հատուկ քննչական ծառայության ներկայցուցիչներից, բայց նրանք ինչ-ինչ պատճառներով չկարողացան ներկա գտվել:
Մանրամասները՝ տեսանյութում: