Պուտինի ճակատագիրն արդեն իսկ կանխորոշված է, նա կմահանա Կրեմլում. Կասպարով
Kasparov.ru-ի փոխանցմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ, աշխարհահռչակ շախմատիստ Գարրի Կասպարովը հայտարարել է, թե Պուտինի ճակատագիրն արդեն իսկ կանխորոշված է. «Նա կմահանա Կրեմլում: Վատ նորությունն այն է, որ մենք չգիտենք, թե երբ տեղի կունենա դա, իսկ լավ նորությունը նա է, որ Պուտինն էլ չգիտի դա: Ռեժիմի կոլապսը կարող է հանգեցնել էլ ավելի սարսափելի հետևանքերին, քան ԽՍՀՄ-ի փլուզումն էր:
Բարդ է հնարավոր սցենարները կանխատեսելը: Բռնապետությունները փլուզվում են վաղ թե ուշ: Որքան երկար բռնապետը մնա իշխանության ղեկին, այնքան դաժան կլինի փլուզումը: Այսօր Ռուսաստանում որևէ կապ չկա իշխանության ու ժողովրդի միջև: Իշխանության ղեկին Պուտինի մնալու յուրաքանչյուր օրը մեծացնում է երկրի տարածքային փլուզման հնարավորությունը:
Ռուսաստանի ներսում առկա է վիթխարի լարվածություն, ինչպես ազգամիջյան, այնպես էլ միջդավանաբական լարվածություն, և ինչ-որ պահի կպայթի համակարգը: Հասկանալի չէ, թե ռեժիմի անկումից հետո ինչպես իրեն կպահի Հյուսիսային Կովկասը: Ռամզան Կադիրովը, ով այսօր հավատարմության երդում է տալիս Պուտինին, վաղը կարող է բարձրացնել ջիհաթի կանաչ դրոշը:
Յուրաքանչյուրը կգոյատևի յուրովի: Չինաստանը վաղուց է սպասում, թե երբ կարող է կուլ տալ Արևելյան Սիբիրն ու Հեռավոր Արևելքը: Պուտինի ռեժիմի կրախը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ»: