Արևմուտքի ինքնախաբեությունը տառապանքներ է պատճառում Ուկրաինայի ժողովրդին. Կասպարով
Kasparov.ru-ի փոխանցմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ, աշխարհահռչակ շախմատիստ Գարրի Կասպարովը, մեկնաբանելով Մինսկում «նորմանդական քառյակի» առաջնորդների վերջին բանակցությունները՝ հայտարարել է, որ Պուտինի համար նման բանակցությունները հանդիսանում են գրաված տարածքները «մարսելու» փորձեր:
Կասպարովի խոսքերով՝ Պուտինն օգտում է հակամարտության ընդլայնմանը Եվրոպայի ակնհայտ պատրաստ չլինելուց և Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելուց բխող վախից, և «Մինսկ-2»-ը մեկ քայլ առաջ էր Ռուսաստանի նախագահի համար, քանի որ բոլոր պարտավորություններն առնչվել են Ուկրաինային ու Եվրոպային, իսկ Մոսկվան չի ստանձնել որևէ պարտավորություն:
Կասպարովը հայտարարել է, որ եվրոպացիները պետք է պաշտպանեին Ուկրաինային, սակայն փոխարենը Բրյուսելից ու Սպիտակ տնից ամեն օր հայտարարություններ են լսվում, որ Դոնբասի հակամարտությունը չունի ռազմական կարգավորում.
Կասպարովի կարծիքով՝ Արևմուտքի այդ պահվածքն անիմաստ է, քանի որ հակառակ կողմը մտածում է այլ կերպ, և Արևմուտքի ինքնախաբեությունը տառապանքներ է պատճառում Ուկրաինայի ժողովրդին, զոհվում են մարդիկ. «Արևմտյան առաջնորդներն այս դիմակայությունում ի ցույց դրեցին իրենց բացարձակ անկարողությունը:
Անհրաժեշտ է հասկանալ, որ որքան էլ այսօր բարձր լինի ագրեսորին կանգնեցնելու արժեքը, վաղը ստիպված կլինեն վճարել մի քանի անգամ թանկ: Կզոհվեն մեծ թվով մարդիկ, հակամարտությունը կարող է թևակոխել նոր փուլ: Պուտինը բոլորին շանտաժի է ենթարկում միջուկային զենքի կիրառմամբ»: