Մերկելը վստահություն է հայտնել, որ Մոլդովայում չի կրկնվի ուկրաինական սցենարը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել Եվրոպայի հետ սերտ կապեր ունենալու Մոլդովայի ձգտմանը և վստահություն է հայտնել, որ հանրապետությունում չի կրկնվի ուկրաինական սցենարը:
Մերկելն այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Պատասխանելով Մոլդովայի ներքին գործերին Ռուսաստանի միջամտելու հնարավորության մասին հարցին՝ Մերկելը հայտարարել է. «Ո՛չ, մենք հուսով ենք, որ հնարավոր չէ»:
Մերկելն ընդգծել է, որ ներկա պահին չկան նաև Մոսկվայի կողմից Մոլդովայի գործերին միջամտելու նախադրյալներ, իսկ Մերձդնեստրի շուրջ ստեղծված իրավիճակը չափազանց նկատելի է դարձել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի պատճառով:
Մերկելը հավելել է, որ Գերմանիան ու Ռումինիան իրենց զգում են Մոլդովայի հետ քաղաքական առումով սերտորեն կապված, ինչպես նաև պատրաստ են աջակցել Քիշնևի եվրոպամետ նոր կառավարությանը: