
Միջազգային դաշինքը մարտին կարող է ընդլայնել ԻՊ-ի դեմ պայքարը. Բյուլենթ Արընչ

Haber7 հեռուստալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ միջազգային դաշինքը կարող է առավել ակտիվ գործողությունների դիմի մարտին.
«Ներկայումս քննարկման փուլում է գտնվում ոչ միայն ԻՊ-ի, այլև՝ ահաբեկչական մյուս կազմակերպությունների դեմ ավելի լիարժեք պայքար մղելու համար: Հնարավոր է՝ դա սկսվի մարտին:
Դաշինքի հասցրած ավիահարվածները բավարար չեն ահաբեկչական խմբերի ջախջախման համար, անհրաժեշտ է ցամաքային գործողություն: Միջազգային դաշինքը դեռ այդ դիրքորոշման չէ, սակայն նա կարող է շուտով հանգել դրան»:
Անդրադառնալով ԻՊ-ի դեմ ընդլայնված կամպանիային՝ ներառյալ ցամաքային գործողությունը՝ Արընչը հայտարարել է, որ այդ որոշումը կախված կլինի նրանից, թե դաշինքը որքանով հաշվի կառնի Թուրքիայի առաջնահերթությունները:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հարցում անհրաժեշտ է գործել 3 քայլ, որոնց մասին նա հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: